19/06/2023 11:49
Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությունն այլընտրանք չունի. ՌԴ փոխվարչապետ
Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությունն այլընտրանք չունի, բայց Հայաստանի և Ադրբեջանի սահմանին դեռևս բախումներ են, մարդիկ են զոհվում, նման պայմաններում դժվար է բանակցել տրանսպորտային կապերի ապաշրջափակման շուրջ, ՏԱԱՍ-ին տված հարցազրույցում ասել է Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։
Մենք հանդիպում ենք անցկացրել Ադրբեջանի, Հայաստանի և Ռուսաստանի փոխվարչապետերի եռակողմ աշխատանքային խմբի ձևաչափով, որի արդյունքում ձևավորվել է համապարփակ փաստաթուղթ։ Հայտարարվում է, որ տարածաշրջանում տրանսպորտային կապերի ապաշրջափակումը կսկսվի երկաթուղու վերականգնմամբ, որը գնալու է Երասխ-Ջուլֆա-Մեղրի-Հորադիզ երթուղիով և, ելնելով կողմերի ինքնիշխանության նկատմամբ հարգանքից, որոշվում է հիմնական մոտեցումները: Կողմերից ոչ մեկը չի կասկածում, որ այս ճանապարհի առանձին հատվածները կհայտնվեն այն երկրի իրավասության ներքո, որի տարածքում են գտնվում։ Այսպիսով, այս ճանապարհի հետ կապված՝ Ադրբեջանում կկիրառվի ադրբեջանական, իսկ Հայաստանում՝ հայկական օրենսդրությունը։ Թվում է, թե դրանք ակնհայտ բաներ են, բայց հաշվի առնելով այն հարաբերությունները, որոնք ձևավորվել են երկու պետությունների և ժողովուրդների միջև, այս ամենը պետք է ամրագրվի»,- ասել է նա։
ՌԴ փոխվարչապետի խոսքով՝ բոլորը հասկանում են, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղությունն այլընտրանք չունի, և խաղաղության հասնելու լավագույն միջոցը մարդկանց համար խաղաղ փոխգործակցության հնարավորություն բացելն է, ընդհանուր ճանապարհ կառուցելը։
«Ամենամեծ խնդիրը վստահությունն է։ Հենց դրա պատճառով է, որ բանակցությունները դանդաղ են ընթանում։ Բոլորիս վրա ազդում է այն, ինչ հիմա կատարվում է սահմանին։ Շատ ավելի հեշտ կլիներ լուծումներ գտնել, եթե կրակոցները դադարեցվեին», - նշել է նա։