19/06/2023 11:08
Փոսալցման աշխատանքները կարելի է բավարար գնահատել, տրամադրվածության պարագայում ամեն ինչ էլ հնարավոր է․ Ավինյան
Բոլոր վարչական շրջաններում ամբողջ շաբաթվա ընթացքում իրականացվել են փոսալցման աշխատանքներ՝ մոտ 600 քմ, Երևանի քաղաքապետարանի գործակարգավորական նիստի ընթացքում զեկուցեց շինարարության և բարեկարգման վարչության պետ Խորեն Գրիգորյանը։
«Էս էն դեպքերից է, երբ մենք արձանագրեցինք, որ տրամադրվածության պարագայում ամեն ինչ էլ հնարավոր է։ Չնայած նրան, որ նախորդ շաբաթ 3 օր անձրև է եկել, փոսալցման աշխատանքները կարելի է բավարար գնահատել, չնայած որոշ որակական և տեղ-տեղ նաև ոչ ամբողջական աշխատանքներին։ Բայց եթե այս ամենը հնարավոր էր անել մեկ շաբաթում, նշանակում է, որ մենք ամիսուկես չպետք է սրա մասին խոսեինք», - արձագանքելով՝ ասաց փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը։
Խորեն Գրիգորյանը զեկուցեց, որ 148 տոննա ասֆալտ է օգտագործվել։
Հիշեցնենք՝ նախորդ շաբաթվա ընթացքում Տիգրան Ավինյանին զայրացրել էր փաստը, որ երկար քննարկումներից հետո դարձյալ մայրաքաղաքում փոսալցման աշխատանքները պատշաճ չէին իրականացվում.
«Ինչքա՞ն ասեմ՝ փոսեր, փոսեր, փոսեր, փոսեր, ուզում եմ հասկանալ՝ մինչև ո՞ր ամիսն է ձգվելու։Ի՞նչ չունեք՝ ֆինա՞նս չունեք, ի՞նչ չունեք էլի, ուզում եմ հասկանալ՝ ո՞րն է խնդիրը։Էս վերջին շաբաթն է, ուզում եք գնացեք, անձամբ լցրեք այդ ասֆալտը։ Հաջորդ երկուշաբթի ինձանից չնեղանաք», - հայտարարել էր Տիգրան Ավինյանը։