19/06/2023 21:12
«Մեզ փորձում են համոզել, թե բանակցային գործընթացում չենք ունեցել ամուր դիրքեր․ երբ վերընթերցում ես փաստաթղթերը, տեսնում ես, որ պարզապես ստում են»․ Լույս է ընծայվել «ԵԱՀԿ․ Ղարաբաղյան դոսյե» ձեռնարկը
«Պրոֆիլ» հրատարակչության հետ համագործակցությամբ և «Լույս» հիմնադրամի աջակցությամբ լույս է տեսել «Հայացք» մատենաշարի հերթական գիրքը՝ «ԵԱՀԿ․ Ղարաբաղյան դոսյե»-ն, որի շնորհանդեսն այսօր տեղի ունեցավ «Զանգակ» գրատանը։
«Պրոֆիլ» հրատարակչության հիմնադիր, քաղաքագետ Արմեն Մինասյանը շնորհանդեսի ժամանակ ընդգծեց՝ հսկայական թիմային աշխատանք է տարվել՝ ստեղծելու այս ձեռնարկը, որտեղ ամփոփված են արցախյան հակամարտության բանակցային գործընթացին վերաբերող կարևորագույն փաստաթղթերը, և թեպետ առաջին հայացքից թվում է, թե ձեռնարկը գուցե ուշացած է՝ հաշվի առնելով,թե ինչ հանգրվանում է այսօր արցախյան հիմնախնդիրը, բայց լավատեսություն կա։
«Մենք ընդամենը մի ցիկլում ենք, որին հաջորդելու է նորը և այս ձեռնարկը մեծապես օգնելու է, որպեսզի հաջորդ ցիկլում լինենք պատրաստված և արդյունավետ»,- ասաց Արմեն Մինասյանը՝ հավելելով՝ աշխատությունն օգտակար է բոլոր նրանց համար, ովքեր ուսումնասիրում են հակամարտության պատմությունը, ընդհանրապես՝ քաղաքականություն։
Աննա Կարապետյանի հեղինակած «ԵԱՀԿ․ Ղարաբաղյան դոսյե» աշխատությունում ամփոփված են ԵԱՀԿ ներքո ընդունված փաստաթղթերը՝ կապված ղարաբաղան հակամարտության հետ, ինչպես նաև բազմաթիվ այլ փաստաթղթեր, որոնք ընդունվել են ԵԱՀԿ շրջանակներից դուրս։
«Բանակցային գործընթացի ցանկացած փուլում, երբ դու ինստիտուցիոնալ մասնակցություն ունես՝ որպես պետություն, այս պարագայում Հայաստանի Հանրապետությունը՝ որպես լիարժեք բանակցող կողմ, Արցախի Հանրապետությունը՝ որպես ոչ լիարժեք բանակցող կողմ, միշտ առաջանում է փաստաթղթային ողջ բազային տիրապետելու հարց, խնդիր, որովհետև միջազգային կառույցներում շատ նորմալ ընթացակարգ կա՝ փաստաթղթերը, բանակցային գործընթացը փոխադարձաբար հենվում են իրար վրա և հղվում են իրար վրա։
Հետևաբար, կար խնդիր՝ եթե ուզում ենք զինված լինել ողջ գործիքակազմով, դուրս բերել այդտեղից անգամ ստորակետի ներքո գտնվող հնարավորությունը, իդենտիֆիկացնել մարտահրավերը, որի դեմ հնարավոր է պայքարել և երկարաժամկետ կտրվածքի մեջ կարողանալ բանակցային ստրատեգիան և տակտիկան համարժեք դարձնել այդ ամենին, այդ բազան ոչ միայն պետք է ունենալ, այլև դրան տիրապետել՝ իր ողջ ծավալով», բանակցային գործընթացին վերաբերող փաստաթղթերը հավաքագրելու կարևորությունը ներկայացրեց «Հայացք» մատենաշարի պատասխանատու, գլխավոր խմբագիր, քաղաքագետ Կարեն Բեքարյանը՝ ընդգծելով՝ հաշվի առնելով բանակցային գործընթացում ԵԱՀԿ-ի և ԵԱՀԿ Մինսկի խմբի դերն ու նշանակությունը, եղած բոլոր փաստաթղթերի համատեղումը ուրույն նշանակություն է ստանում։
«ԵԱՀԿ․ Ղարաբաղյան դոսյե»-ն իր փաստավավերագրական, գիտական, հետազոտական նշանակությունից բացի, մեկ այլ կարևորություն է ստանում մեր օրերում․ այն քանդում է Հայաստանի գործող իշխանությունների կողմից մշակված այն թեզը, թե ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման բանակցային գործընթացում մենք երբեք չենք ունեցել այնպիսի դիրքեր, որոնք մեզ հնարավորություն կտային պայքարել Արցախի անկախության համար։
«Սկսած մեր երկրի ներսից, վերջացրած արտաքին դերակատարներով, բոլորը լծվել են նրան, որ մեզ՝ որպես ժողովուրդ, որպես ազգ, որպես հանրություն, որպես պետություններ՝ ճանաչված Հայաստանի Հանրապետություն և չճանաչված Լեռային Ղարաբաղի Հանրապետություն, համոզեն, մարսեցնեն, թե «ղարաբաղյան խնդիրը լուծված է», «ուղարկված է պատմության խորխորատներ», «այդ խնդիրը չկա», «էջը շրջված է» և այլն։ Եթե մենք հասկանում ենք, որ դա այդպես չէ և եթե մենք պատրաստ ենք անգամ շատ ծանր պայմաններում երկարաժամկետ պայքարի, այդ թվում՝ բանակցային գործընթացում և դիվանագիտական սեղանի շուրջ, ցանկացած մանրուք անգամ ունենալու է մեծ կարևորություն։ Աննա Կարապետյանի աշխատանքը այդ կարևորությունից գործիքակազմ ստանալու ճանապարհն է, որն ունենալու է իր կիրառական նշանակությունը՝ առնվազն ոչ հեռու ապագայում»,- այս առնչությամբ ընդգծեց Կարեն Բեքարյանը։
Ձեռնարկի հեղինակ Աննա Կարապետյանը ևս այս տեսանկյունից կաևորեց գրքի լույսընծայումը։
«Իսկապես, այսօր այդ ամենը շատ կարևոր է։ Առաջինը՝ այսօր մեզ փորձում են համոզել, որ միջազգային հանրությունը միշտ վստահ է եղել, որ Արցախը պետք է լինի Ադրբեջանի կազմում, որ մենք երբեք չենք ունեցել բանակցային գործընթացում այնպիսի դիրքեր, որոնք մեզ հնարավորություն կտային պայքարել Արցախի անկախության համար և այլն։ Երբ արդեն մեկ ամբողջական մոտեցմամբ վերընթերցում ես այս բոլոր փաստաթղթերը, հասկանում ես, տեսնում ես, որ այդպես չէ, որ այսօր մեզ ուղղակի ստում են, որ իրականում եղել են փաստաթղթեր, այդ թվում՝ ամենաբարձր մակարդակով ընդունված, որոնք մեզ տվել են այն իրավական հիմքը, որի վրա հենվելով՝ մենք կարող ենք մեր շահերը պաշտպանել, եթե ունենանք քաղաքական կամք»,- ասաց նա։
Աննա Կարապետյանի համոզմամբ՝ եղած այս հիմքի վրա մենք կարող ենք ապագայում ևս պաշտպանել մեր շահերը, եթե կրկին ունենանք այդ քաղաքական կամքը։