19/06/2023 17:28
Նոր ռեկորդ՝ հայկական շոուբիզնեսում
Սիրված երգիչ Արսեն Շախունցի «Девочка, Стоп!» երգի տեսահոլովակը YouTube հարթակում ընդամենը 3 տարում հավաքել է 150 միլիոն դիտում։ Սա բացարձակ ցուցանիշ է հայկական երգարվեստի պատմության մեջ և, կարծում ենք, դեռ երկար ժամանակ կմնա անգերազանցելի։ Նախորդ ռեկորդը պատկանում էր ամերիկաբնակ ռեփեր Սուպեր Սաքոյին, ում YouTube-յան ալիքում տեղադրված «Մի գնա» կատարումը կրկնակի ավելի ժամանակահատվածում՝ 6 տարում, հավաքել է 201 միլիոն դիտում։
«Девочка, Стоп!» երգի թողարկման հենց առաջին օրերից պարզ էր, որ այն բացառիկ ցուցանիշներ է գրանցելու։ Կատարումը հնչում էր յուրաքանչյուր անկյունից և անգամ 3 տարի անց էլ, այն շարունակում է համարվել ամենատարբեր միջոցառումների ընթացքում ամենաշատը հնչող երգերից մեկը։ Միայն YouTube-ում տեսահոլովակի հավանումների թիվը ևս շատ մեծ է. 570.000 հավանում և տասնյակ հազարավոր ջերմ մեկնաբանություններ։ Իսկ ահա 2022 թվականին երգը YouTube-ի թոփ հիթեր շարքում զբաղեցնում էր 20-րդ հորիզոնականը։
Այս երգը ֆենոմենալ է նաև իր տարածվածության առումով։ Կատարումը պահանջված է ոչ միայն հայերի շրջանում, այլև ունի օտարազգի մեծ լսարան։ Ունկնդիրներից շատերը թեկուզ միայն երգի շնորհիվ իմացան հայերի, Հայաստանի ու ավանդական շալախոյի մասին։
Կատարումը բացառիկ է նաև նրանով, որ ունեցել է բազմաթիվ քավր տարբերակներ, «Девочка, Стоп!»-ը թրենդային էր բոլոր հարթակներում և սիրված՝ հասարակական ամենատարբեր շերտերի կողմից։
Իր հաջողությամբ երգը «անհանգստություն» էր պատճառել նաև ադրբեջանցիներին։
Վրաստանում Ադրբեջանի դեսպանատան քարտուղար Վուգար Մուստաֆաևը խնջույքը ծեծկռտուքի էր վերածել, երբ երգիչները ներկաներից մեկի պատվերով կատարել էին Արսեն Շախունցի «Девочка, стоп!» երգը։ Ադրբեջանցի երգիչները՝ Աֆիկ Նովրուզովը և Անաս Ասկերովը, ֆեյսբուքյան ուղիղ եթերում հրապարակել էին դեպքի մանրամասները, ցույց տվել դիվանագետի լուսանկարն ու Ադրբեջանի դեսպանից պահանջել պաշտոնանկ անել նրան:
«Девочка, Стоп!» երգը շարունակում է իր հաղթարշավը։ Տեսահոլովակի դիտումները ավելանում են ամեն վայրկյան։
Պետք է նշել, որ Արսեն Շախունցի մյուս կատարումները ևս, օրինակ, «Гудбай, до свидания», «Бандитка», «С днем рождения!», «Эй, девушка», «А я кайфую» երգերը, ինչպես նաև Արկադի Դումիկյանի և Սոսո Պավլիաշվիլիի հետ համատեղ դուետները, իրենց դիտողականությամբ և տարածվածությամբ հայկական շոուբիզնեսի բացարձակ առաջատարներից են։