19/06/2023 18:17
Փաստաբաններն ակցիա են անցկացնելու և Ներքին գործերի նախարարությանը ներկայացնելու են պահանջներ
Հունիսի 20-ին փաստաբաններն ակցիա են կազմակերպելու Ներքին գործերի նախարարության վարչական շենքի մոտ ՝ ստորև նշված պահանջը ներկայացնելու և հետագա բողոքի ակցիաների մասին իրազեկելու նպատակով:
Այդ մասին տեղեկացնում են Հայաստանի Փաստաբանների պալատից՝ տեղեկացնելով, որ պահանջին արդեն միացել է 800-ից ավելի փաստաբան․
«Պ Ա Հ Ա Ն Ջ
ՆԵՐՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ
Մենք՝ ներքոստորագրյալ փաստաբաններս, գիտակցելով մեր մասնագիտական առաքելությունը քաղաքացիների իրավունքների պաշտպանության հարցում, հարգելով ոստիկանության ինստիտուտը, գնահատելով արժանապատիվ ոստիկանի դերը, ելնելով բռնությունը ոստիկանության համակարգից արմատախիլ անելու նպատակից,
1. Խստորեն դատապարտում ենք ՆԳՆ Ոստիկանության Երևանի քաղաքային վարչության Կենտրոնի բաժնի և այլ ոստիկանների կողմից 07.06.2023թ. փաստաբան Կարեն Ալավերդյանին ծեծի ենթարկելու, նրա նկատմամբ ձեռնաշղթաներ կիրառելու, արցունքաբեր գազ կիրառելու, ինչպես նաև փաստաբանին ձերբակալելու և խուզարկության ենթարկելու դեպքերը.
2. Ներքին գործերի նախարարությունից պահանջում ենք՝ անհապաղ դադարեցնել փաստաբան Կարեն Ալավերդյանի ծեծին մասնակցած ոստիկանների, այդ թվում՝ Ալբերտ Մկրտչյանի, Դավիթ Դավթյանի, Հրանտ Իսկանդարյանի, Նարեկ Խաչատրյանի և Սերյոժա Հովակիմյանի լիազորությունները.
3. Ներքին գործերի նախարարությունից պահանջում ենք՝ դադարեցնել ՆԳՆ Ոստիկանության Երևանի քաղաքային վարչության Կենտրոն բաժնի պետի լիազորությունները»: