20/06/2023 20:15
Ի՞նչ է կոլոռեկտալ քաղցկեղը և որո՞նք են հուշող ախտանշանները. Պատասխանում է բժիշկը
Ընդհանուր և լապարասկոպիկ վիրաբույժ Լևոն Գրիգորյանը անդրադարձ է կատարել հաստ և ուղիղ աղիների կամ կոլոռեկտալ քաղցկեղին:
Լևոն Գրիգորյանի խոսքով, սրանք բավական հաճախ հանդիպող քաղցկեղի տեսակներ են։ Կոլոռեկտալ քաղցկեղը հաստ և ուղիղ աղիների քաղցկեղն է, որը մահացության առումով 3-րդն է քաղցկեղային հիվանդությունների շարքում: Ռիսկի խմբում են հիմնականում այն մարդիկ, որոնց ընտանիքի անդամների մոտ ախտորոշվել է քաղցկեղի այս տեսակը, ինչպես նաև նրանք, ովքեր ունեն կոլոռեկտալ պոլիպներ և աղիների բորբոքային հիվանդություններ՝ ոչ սպեցիֆիկ խոցային կոլիտ կամ Կրոնի հիվանդություն:
Կոլոռեկտալ քաղցկեղը 90% դեպքերում զարգանում է 50 տարեկանից հետո: Այն զարգանում է դանդաղ, առանց գանգատների, ախտանշաններն ի հայտ են գալիս ուշ փուլերում: Կոլոռեկտալ քաղցկեղը դատավճիռ չէ և վաղ շրջանում ախտորոշելու և բուժման ճիշտ ռազմավարություն ընտրելու դեպքում այն հաջողությամբ կարելի է կանխարգելել ու հաղթահարել։
«Ցանկալի է, որ 45 տարեկանից սկսած՝ ռիսկի խմբում գտնվող անձինք, անգամ գանգատների բացակայության պարագայում, պարտադիր անցնեն սքրինինգային հետազոտություն՝ կոլոնոսկոպիա, որը հնարավորություն է տալիս ժամանակին ճշգրիտ հայտնաբերել հաստ և ուղիղ աղիքների նախաքաղցկեղային հիվանդությունները, իրականացնել դրանց լիարժեք և հետևողական բուժում և դրանով կանխարգելել քաղցկեղի զարգացումը»,-կոչ է անում բժիշկը:
Կոլոնոսկոպիայից բացի, կոլոռեկտալ քաղցկեղի սքրինինգի համար կիրառվում են նաև այլ մեթոդներ, մասնավորապես՝ կղանքային իմունոքիմիական թեստ, կղանքում թաքնված արյան հայտնաբերման բարձր զգայունության թեստ, կղանքի բազմաթիրախային ԴՆԹ թեստ, բայց ցավոք, մեր քաղաքացիներին դրանք դեռ հասանելի չեն:
Հաստ և ուղիղ աղիների քաղցկեղի վաղ ախտանշանները շատ են. բժիշկը ներկայացնում է դրանցից մի քանիսը
• կղանքային զանգվածներին խառնված կամ դրանց քսվող արյունային արտադրություն, աղիների սովորական գործունեության խանգարումներ,
• կղանքային մասսաների ձևի փոփոխություն՝ դրանք կարող են ունենալ սովորականից ավելի բարակ տեսք,
• ընդհանուր աղեստամոքսային խանգարումներ՝ փքվածություն, կծկանքային երևույթներ, ցավ, սրտխառնոց, փորլուծություն, փորկապություն կամ,
• ոչ լիարժեք դատարկվելու զգացողություն,
• մարմնի քաշի անկում առանց հստակ պատճառի,
• մշտական հոգնածության զգացողություն կամ հոգնածության զգացողության արագ զարգացում սովորական ծանրաբեռնվածության պայմաններում:
Եթե այս ախտանշանները շարունակվում են 2 շաբաթ և ավելի, պետք է այցելել համապատասխան մասնագետի և չուշացնել հետազոտությունը։
Չնայած այս ախտանիշները միանշանակ չեն վկայում մարդու մոտ կոլոռեկտալ քաղցկեղի առկայության մասին, բայց սրանց շարունակական բնույթը նորմալ չէ և պահանջում է հետազոտության անցկացում, պատճառի հայտնաբերում և հիվանդության բուժում:
Կոլոռեկտալ քաղցկեղը, եթե դա թույլ է տալիս քաղցկեղի փուլն ու տեսակը, ցանկալի է բուժել՝ իրականացնելով վիրահատական միջամտություն՝ լապարասկոպիկ եղանակով։
«Մեծ հաշվով, վիրահատական բուժումը ուղղված է չարորակ ուռուցքի և նրա տեղային տարածման ավազանի լիարժեք և ամբողջական հեռացմանը, աղեստամոքսային տրակտի ամբողջականության վերականգնմանը, իսկ մետաստատիկ ախտահարման առկայության դեպքում, հնարավորությունների առկայության պայմաններում, նաև այդ օջախի հեռացմանը։ Տարբերում ենք 2 տիպի վիրահատություններ՝ ավանդական և նվազ ինվազիվ կամ այսպես կոչված լապարասկոպիկ վիրահատություններ»,-ասաց մասնագետը։
«ԿՅԱՆՔԻ ՈՐԱԿ» բաժնի գործընկեր՝ «ԴԵՐԺԱՎԱ-Ս» ընկերություն։
Բաժնի բոլոր նյութերին կարող եք ծանոթանալ ԱՅՍՏԵՂ։