20/06/2023 21:57
Ի՞նչ լողազգեստ ընտրել. Ոճաբանի խորհուրդները
Ամռանը լողազգեստները զբաղեցնում են մեր զգեստապահարանի կարևոր մասը։ Այդ իսկ պատճառով անհրաժեշտ է կատարել գրագետ ընտրություն՝ քողարկելով մարմնի տարբեր առանձնահատկություններն ու ընդգծելով առավելությունները։
Aysor.am-ի հետ զրույցում դիզայներ և ոճաբան Տաթիկ Հարությունյանը տալիս է մի շարք պարզ և միևնույն ժամանակ կարևոր խորհուրդներ՝ լողազգեստների ընտրության և ամառային վառ կերպարի ամբողջացման համար։
- Լողազգեստների ո՞ր տարբերակներն են նորաձև այս ամռանը։
- Նորաձև են բարձր գոտկատեղով ռետրո ոճի, տարատեսակ կապիչներով, սպորտային ոճի, ֆակտուրային կտորներով մոդելները, տարբեր կտրվածքներով և դեկորով լողազգեստները` հատկապես ծաղկային դեկորով և փոռերով:
- Ինչպիսի՞ լողազգեստ պետք է ընտրեն մարմնի տարբեր կառուցվածքներ ունեցող մարդիկ։
- Եթե ցանկանում ենք մարմնի ինչ-որ հատվածի, կամ ընդհանուր մարմնին ծավալ հաղորդենք, ապա անհրաժեշտ է ընտրել բաց գույնի կամ փայլուն կտոր, հորիզոնական գծեր:
Եվ ընդհակառակը, եթե ցանկանում ենք մարմինն ավելի սլացիկ և ծավալով փոքր ցույց տանք, պետք է ընտրել մուգ տոներ, ոչ փայլուն կտորներ:
Եթե առկա է ծավալուն որովայն, կարելի է ընտրել ոչ առանձնացված լողազգեստ: Կան նաև մարմինը ձգող և շտկող կտորներից լողազգեստներ: Որովայնի հատվածում թեթև ծալքերը նույնպես կօգնեն այս հարցում:
Եթե ցանկանում ենք վիզուալ փոքրացնել գոտկատեղը, ապա կարելի է ընտրել գոտկատեղի հատվածում կտրվածքներով մոդելներ, թեթև բասկայով կամ փոռերով:
Ոտքերն ավելի երկար ցույց տալու համար անհրաժեշտ է ընտրել բարձր գոտկատեղով մոդելներ:
Մարմնի ցանկացած հատվածի ծավալ հաղորդելու համար, այդ հատվածը կարելի է ընդգծել փոռերով, ծոպերով և այլ դեկորով: Օրինակ, եթե ուսերը կոնքերի համեմատ նեղ են, ապա դեկորը պետք է լինի ուսերի մասում և հակառակը, եթե կոնքերն են ուսերի համեմատ նեղ, դեկորը պետք է լինի կոնքի մասում: Այդպես հնարավոր է բալանսի բերել կարուցվածքը:
- Ինչպիսի՞ աքսեսուարներով կարելի է լրացնել ծովափնյա լուքը։
- Ծովափնյա աքսեսուարները լինում են ինչպես ֆունկցիոնալ, այնպես էլ ուղղակի գեղեցկության համար: Ֆունկցիոնալներից են գլխարկները, պայուսակները, բանդանաները, պարեոները: Գլխարկներից կարելի է ընտրել ինչպես լայնեզր, այնպես էլ շատ նորաձև պանամաներ: Իսկ եթե սիրում եք սպորտային ոճը, կարելի է ընտրել նաև սպորտային գլխարկ: Պայուսակից նախընտրելի են ծղոտից կամ կտորից տարբերակները, ցանցանման կամ մաքրամե:
Ոչ ֆունկցիոնալ աքսեսուարներից են տարատեսակ ծովափնյա զարդերը` ականջօղեր, մատանիներ, վզնոցներ, ձեռքի, ոտքի, որովայնի նուրբ շղթաներ: Դեկորատիվ աքսեսուարները կարելի է ընտրել ինչպես ծավալուն, այնպես էլ մինիմալիստական: Տեղին են ծովային թեմատիկայով տարբերակները` խխունջներ, ծովային կենդանիներ և այլն:
«ԿՅԱՆՔԻ ՈՐԱԿ» բաժնի գործընկեր՝ «ԴԵՐԺԱՎԱ-Ս» ընկերություն։
Բաժնի բոլոր նյութերին կարող եք ծանոթանալ ԱՅՍՏԵՂ։