20/06/2023 11:12
Արմեն Աշոտյանի փաստաբանը հրաժարվեց մեկնաբանել Քննչական կոմիտեի «ֆեյսբուքյան գրառումները»
Արմեն Աշոտյանի փաստաբան Տիգրան Աթանեսյանը չի մեկնաբանում Քննչական կոմիտեի տարածած հաղորդագրությունը, քանի որ, ըստ իրեն, դրանում առկա չեն իրավաբանական փաստաթղթեր։
«Ես գրառումները չեմ մեկնաբանում, եթե դրանք չունեն արտահայտում իրավաբանական փաստաթղթերի մեջ։ Ակնհայտ է, որ Արմեն Աշոտյանը կապ չունի ներկայացվածի հետ»,- Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Տիգրան Աթանեսյանը։
ՀՀ քննչական կոմիտեն այսօր հաղորդագրություն է տարածել այն մասին, թե տվյալներ են ձեռք բերվել, որ 2011-2018թթ․ ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահի պաշտոնն զբաղեցրած Արման Սահակյանը, իր հետ ընկերական հարաբերությունների մեջ գտնվող ՀՀ կրթության և գիտության նախկին նախարար Արմեն Աշոտյանի և ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Կարեն Ավագյանի հետ միասին, 2015թ. ապրիլին կնքված պետական գույքի օտարման և գրավի պայմանագրով, ձեռք են բերել պետական գույք հանդիսացող՝ Երևան քաղաքի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի Ներսիսյան փողոցի թիվ 5 հասցեում գտնվող՝ 1063.25 քմ մակերեսով 2 առանձին մասնաշենքերից և պարսպից բաղկացած անշարժ գույքը/դպրոցը/՝ 36 ամսում տարաժամկետ վճարելու պայմանով, և դրա սպասարկման համար անհրաժեշտ 0.303439 հա հողատարածքը՝ 32.498.320 ՀՀ դրամով:
Հիշեցնենք՝ ՀՀԿ փոխնախագահ, Կրթության և գիտության նախկին նախարար Արմեն Աշոտյանը ձերբակալվել է ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում քննվող՝ Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան հիմնադրամում կատարված առերևույթ չարաշահումներին վերաբերող քրեական վարույթի շրջանակներում, հիմքը խափանման միջոցի պայմանները խախտելն է եղել։ Ավելի ուշ հայտնի դարձավ, որ Աշոտյանին առաջադրված մեղադրանքը լրացվել է։