20/06/2023 12:54
Ոստիկանապետ Վահե Ղազարյանն ու կինը նոր բնակարաններ են գնել
Ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանն անցած տարի նոր բնակարան է գնել։ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին նրա ներկայացրած 2022 թ-ի գույքի, եկամուտների, ծախսերի եւ շահերի հայտարարագրի համաձայն՝ Ղազարյանը 35․7 մլն դրամ փոխառություն է տվել «ՄԼ Մայնինգ» ՍՊԸ-ին՝ բնակարանի գնման իրավունքի համար, գրում է News.am-ը։
«ՄԼ Մայնինգ»-ը հանրային ծառայողների համար պետական ծրագրով բնակարաններ է կառուցում Երեւանի «Երազ» թաղամասում (Ադոնցի 19/8), Քանաքեռում (Մելիք Մելիքյան 2/1), Նոր Նորքում (Միկոյան 9/3): Ընկերության միակ սեփականատերը Հատուկ քննչական ծառայության նախկին գլխավոր քարտուղար Դավիթ Սուքիասյանն է։
Վահե Ղազարյանն անշարժ գույք ունի նաեւ Տավուշի մարզի Իջեւան համայնքում․ դա արտադրական նշանակության շինություն է, որը նախարարը գնել է 2005թ-ին։ Եվս մեկ անշարժ գույք՝ անհատական բնակելի տուն, Տավուշի մարզի Գետահովիտ համայնքում, Ղազարյանը նվիրատվություն է ստացել 2013 թ-ին, երբ զբաղեցնում էր ՀՀ ոստիկանության Տավուշի մարզային վարչության Իջեւանի բաժնի պետի տեղակալի պաշտոնը։
Ղազարյանն ունի 1989 թ-ի արտադրության ԶԻԼ մակնիշի բեռանատար ավտոմեքենա, որը գնել է 2021թ-ին։
Բանկում նրա դրամական միջոցները տարեվերջին կազմել են 912 հազար դրամ, կանխիկը՝ 8500 դոլար եւ 11 մլն դրամ։
Նախարարի տարեկան եկամուտները կազմել են 21․6 մլն դրամ, որից աշխատավարձ՝ 18․8 մլն դրամ, ՊԵԿ-ից որպես հիփոթեքի գծով եկամտահարկի վերադարձ՝ 2․8 մլն։
Բնակարանի ձեռք բերման համար վերցրած վարկի մայր գումարի մնացորդը տարեվերջին եղել է 27․2 մլն դրամ, իսկ տարվա ընթացքում դրա մարմանն ուղղվել է 3․3 մլն դրամ։
Նախարարն ընտանիքի հետ 90 օրից ավելի փաստացի բնակվել է Երեւանի Կենտրոնում բազմաբնակարան շենքի բնակարանում։
Վահե Ղազարյանի կինը՝ Լուսինե Մելիքսեթյանը, եւս անցած տարի բնակարան է գնել, որի համար «ԱՐՄ ԿՈՆՍՏՐԱԿՏ 1» ընկերությանը որպես փոխառություն տվել է 22 մլն դրամ։ Բանկում նա ունի 598 եվրո եւ 374 մլն դրամ, իսկ որպես կանխիկ միջոցներ հայտարարագրել է 2 մլն դրամ։
ՆԳ նախարարի կնոջ եկամուտը 2022 թ-ին կազմել է 24 մլն դրամ, որից 22 մլն-ը հիփոթեքի վարկն է «Ամերիաբանկից», 2․4 մլն դրամը՝ աշխատավարձ Երեւանի քաղաքապետարանից։