20/06/2023 12:09
Փաստաբանները բողոքի ակցիա են իրականացնում ոստիկանության մոտ. պահանջում են անհապաղ դադարեցնել փաստաբանի ծեծին մասնակցած ոստիկանների լիազորությունները
Փաստաբաններն այս պահին բողոքի ակցիա են իրականացնում Ոստիկանության շենքի մոտ։
Փաստաբան Արա Զոհրաբյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ գրավոր պահանջ են ներկայացնելու ՀՀ ներքին գործերի նախարարին, պահանջին երկու օրվա մեջ միացել է 878 փաստաբան.«Մենք՝ ներքոստորագրյալ փաստաբաններս, գիտակցելով մեր մասնագիտական առաքելությունը քաղաքացիների իրավունքների պաշտպանության հարցում, հարգելով ոստիկանության ինստիտուտը, գնահատելով արժանապատիվ ոստիկանի դերը, ելնելով բռնությունը ոստիկանության համակարգից արմատախիլ անելու նպատակից,
1. Խստորեն դատապարտում ենք ՆԳՆ Ոստիկանության Երևանի քաղաքային վարչության Կենտրոնի բաժնի և այլ ոստիկանների կողմից 07.06.2023թ. փաստաբան Կարեն Ալավերդյանին ծեծի ենթարկելու, նրա նկատմամբ ձեռնաշղթաներ կիրառելու, արցունքաբեր գազ կիրառելու, ինչպես նաև փաստաբանին ձերբակալելու և խուզարկության ենթարկելու դեպքերը.
2. Ներքին գործերի նախարարությունից պահանջում ենք՝ անհապաղ դադարեցնել փաստաբան Կարեն Ալավերդյանի ծեծին մասնակցած ոստիկանների, այդ թվում՝ Ալբերտ Մկրտչյանի, Դավիթ Դավթյանի, Հրանտ Իսկանդարյանի, Նարեկ Խաչատրյանի և Սերյոժա Հովակիմյանի լիազորությունները.
3. Ներքին գործերի նախարարությունից պահանջում ենք՝ դադարեցնել ՆԳՆ Ոստիկանության Երևանի քաղաքային վարչության Կենտրոն բաժնի պետի լիազորությունները:
Ծանոթություն:
Սույն պահանջը բաց է փաստաբանների միանալու համար:
2023թ. հունիսի 20-ին ժամը 11:00-ին փաստաբաններով հավաքվում ենք Ներքին գործերի նախարարության վարչական շենքի մոտ (ք.Երևան, Նալբանդյան 130) սույն պահանջը ներկայացնելու և հետագա բողոքի ակցիաների մասին իրազեկելու նպատակով»: