20/06/2023 20:04
«Նա հավատաց ինձ 10 տոկոսով»․ Թրամփը պնդում է՝ լավ հարաբերություններ ունի Պուտինի հետ
ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը Fox News հեռուստաալիքին տված հարցազրույցի ժամանակ հայտարարել է, որ ինքը լավ ու ամուր հարաբերություններ է կառուցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։
«Պուտինի հետ ես շատ լավ հարաբերություններ ունեմ։ Նկատի ունեմ, որ ես վաղուց նրա հետ չեմ խոսել, բայց շատ ամուր հարաբերություններ ունեմ Պուտինի հետ»,- ասել է Թրամփը՝ պնդելով նաև, որ եթե շարունակեր պաշտոնավարել որպես ԱՄՆ նախագահ, Վլադիմիր Պուտինն Ուկրաինայում հատուկ ռազմական գործողություն չէր սկսի, քանի որ ժամանակին ինքը ՌԴ նախագահին ասել է, որ եթե նա որոշի ռազմական գործողություններ սկսել, դա լուրջ հետևանքներ կունենա, աղետի կհանգեցնի, իսկ ԱՄՆ նման զարգացումների դեպքում ստիպված կլինի միջոցներ կիրառել։
«Նա չհավատաց ինձ, գուցե՝ ընդամենը 10 տոկոսով հավատաց, իսկ 10 տոկոսն այնքան էր, որքան որ անհրաժեշտ էր»,- ասել է Թրամփը։
Դոնալդ Թրամփը պնդել է նաև, որ եթե ինքը լիներ ԱՄՆ նախագահ, իրեն կհաջողվեր մեկ օրում Մոսկվային ու Կիևին համաձայնության բերել։
«Մի բան կասեի Զելենսկուն, մի բան՝ Պուտինին, շատ արագ գործարք կկնքվեր»,- ասել է Թրամփը։