20/06/2023 11:54
ԿԸՀ-ն բավարարել է ստորագրահավաք կազմակերպելու «Ազատ Արցախ-Հայերի ձայն» նախաձեռնող խմբի դիմումը
ԿԸՀ-ն այս պահին քննում է «Հայաքվեի» անցկացման փաստաթղթերը։
ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ վարչական լծակների կիրառումը, ինչ-որ մեկի իրավունքների խախտումը քրեորեն պատժելի արարք է.«Օրենքով քաղաքացուն իրավունք է տրված և քաղաքացին ազատ է իր իրավունքն իրացնելու մեջ։ Այս դեպքում «Հանրաքվեի մասին» օրենքը հստակ ամրագրում է, որ համայնքապետարանը, վարչական շրջանը պետք է մարդ հատկացնի, որպեսզի մասնակցի այդ ստորագրահավաքին, որպեսզի հասկացվի, որ քաղաքացուն չեն պարտադրում, որպեսզի ինչ-որ բան ստորագրի։ Այստեղ որևէ խնդիր չկա, եթե կլինի ինչ-որ ապօրինի գործողություն, խնդրեմ, օրենքը հնարավորություն է տալիս դիմել պատկան մարմիններին։ Վարչական ցանկացած պարտադրանք օրենքով արգելված է»։
«Հայաքվե» նախաձեռնության անդամ, իրավաբան Արամ Պետրոսյանը նշեց, որ ստորագրահավաքը կսկսվի մի քանի օրից, դա օրենքի պահանջ է.«Իջնում եմ գրավոր դիմում գրեմ, որպեսզի մեր վկայականները տան, եռօրյա ժամկետներում պետք է մեզ տարածք տրամադրեն։ Նախնական, դեռ հստակեցված չէ, պլանավորած է, որ Երևանն ամբողջությամբ կմասնակցի, Վանաձորում և Գյումրիում կլինենք, ինչպես նաև Կապանում»։
«Ազատ Արցախ – Հայերի ձայն» նախաձեռնող խումբը դրական պատասխան է ստացել ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովից՝ 50 հազար ստորագրություն հավաքելու և Ազգային ժողով օրենսդրական նախաձեռնություն ներկայացնելու դիմումին։ ԿԸՀ-ն հունիսի 20-ի նիստում որոշել է բավարարել դիմումը։ Ստորագրահավաքի համար սահմանվել է 60-օրյա ժամկետ՝ 2023 թվականի հունիսի 21-ից օգոստոսի 19-ը ներառյալ։
Նշենք, որ նախաձեռնող խումբը Հայաստանի կենտրոնական ընտրական հանձնաժողով դիմումը ներկայացրել էր հունիսի 12-ին։ Խումբը հանդես է գալիս օրենսդրությունը փոխելու առաջարկով՝ Լեռնային Ղարաբաղի ինքնորոշումից հրաժարվելու և Հայոց ցեղասպանության նշանակությունը նսեմացնելու համար խիստ պատիժ նախատեսելու համար։