20/06/2023 21:27
Արարատ Միրզոյանը մասնակցել է ՀԱՊԿ արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստին
ՀԱՊԿ ԱԳ նախարարների խորհրդի նիստի աշխատանքների շրջանակում անդամ պետությունների ԱԳ նախարարներին հունիսի 20-ին Մինսկում ընդունել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ-ից։
Հաղորդագրությունում նշված է․
«Հանդիպման ընթացքում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը ներկաներին տեղեկացրել է տարածաշրջանում, մասնավորապես Հայաստանի և Ադրբեջանի սահմանին և Լեռնային Ղարաբաղում վերջին զարգացումների վերաբերյալ։
Նախարար Միրզոյանը, ևս մեկ անգամ հիշեցնելով Ադրբեջանի կողմից Հայաստանի՝ ՀԱՊԿ անդամ պետության ինքնիշխան տարածքի շարունակվող օկուպացիայի մասին, անդրադարձել է Հայաստանի ինքնիշխան տարածքի և միջազգայնորեն ճանաչված սահմանների նկատմամբ Ադրբեջանի շարունակական ագրեսիվ գործողություններին, վերջին օրերին ՀՀ հետ սահմանին հայկական դիրքերի ու քաղաքացիական օբյեկտների թիրախավորմանը՝ ընդգծելով ընդհանուր տարածաշրջանային կայունության և անվտանգության հարցում դրանց ապակայունացնող ազդեցությունը։ Այս համատեսքտում նախարար Միրզոյանը շեշտել է ՀԱՊԿ հասցեական արձագանքի հրամայականը։
ՀՀ ԱԳ նախարարը անդրադարձ է կատարել նաև Լեռնային Ղարաբաղում և Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված լարված իրավիճակին, այդ թվում՝ ռուսական խաղաղապահ զորակազմի պատասխանատվության գոտում Ադրբեջանի սադրանքներին, հունիսի 15-ին Հակարի կամրջի մոտ տեղի ունեցած միջադեպին, ինչպես նաև Լաչինի միջանցքի՝ վեց ամսից ավել շարունակվող ապօրինի արգելափակման հետևանքով ստեղծված մարդասիրական խնդիրներին և Ադրբեջանի կողմից էթնիկ զտումների իրականացման խորացող վտանգին։
Նախարար Միրզոյանն ընդգծել է, որ Ադրբեջանի նշյալ գործողությունները միտված են խոչընդոտելու Հարավային Կովկասում կայունության հասնելու՝ ոչ միայն Հայաստանի, այլև տարածաշրջանում կայունության և կանխատեսելիության ապահովմամբ շահագրգռված բոլոր կողմերի ջանքերը։
Ներկայացնելով տարածաշրջանում երկարատև խաղաղության հաստատմանն ուղղված հայկական կողմի տեսլականը՝ Արարատ Միրզոյանը կարևորել է ուժի կամ ուժի սպառնալիքի քաղաքականությունից հրաժարվելու, կառուցողական երկխոսության միջոցով առկա խնդիրներին լուծումներ տալու, ի թիվս այլ հարցերի, Լեռնային Ղարաբաղի ժողովրդի անվտանգության և իրավունքների հարցերի հասցեագրման առանցքային նշանակությունը։
Հաջորդիվ ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը մասնակցել է ՀԱՊԿ արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստին՝ նեղ և ընդլայնված կազմով:
Քննարկվել են նիստի օրակարգային հարցեր՝ ներառյալ ՀԱՊԿ գործունեության և տարածաշրջանային զարգացումների վերաբերյալ։
ՀԱՊԿ նեղ կազմով նիստում ևս ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն անդրադարձ է կատարել Հարավային Կովկասում վերջին իրադարձություններին՝ ընդգծելով, որ ուժի կիրառմամբ հակամարտությունների սրացման և Հարավային Կովկասում անկայուն իրավիճակի ֆոնին առավել ակնհայտ է դառնում պայմանագրային պարտավորությունների անքննելի կատարման, ՀԱՊԿ կողմից պատշաճ եզրակացությունների, Հայաստանի սահմանների կոպիտ խախտումների վերաբերյալ հստակ գնահատականների կարևորությունը»։