20/06/2023 19:22
Քաղաքական հակառակորդներին ամեն գնով լռեցնելը վարչախմբի թուլության նշանն է․ ՀԴԿ
Հայաստանի դեմոկրատական կուսակցության հայտարարությունը․
«Հայաստանի դեմոկրատական կուսակցությունը խոր մտահոգությամբ արձանագրում է, որ Հայաստանում իշխող ՔՊ վարչախմբի կողմից հակաժողվրդավարական և բռնատիրական համակարգ է հաստատվում՝ սահմանափակված է ընդդիմադիր կարծիք ազատ արտահայտելու իրավունքը։ Գործող իշխանությունների հետևողական քննադատության հեղինակաները, հատկապես եթե այդ քննադատությունը վերաբերվում է Արցախի և Հայաստանի ինքնիշխանության, սահմանային անվտանգության, Արցախի ինքնորոշման իրավունքի պաշտպանության բանակցային և քաղաքական սխալներին, որ թույլ է տալիս անձամբ Նիկոլ Փաշինյանը, ենթարկվում են տարաբնույթ հետապնդումների, նրանց հանդեպ հարուցվում են քրեական մեղադրանքներ և խափանման միջոցներից ի վերջո կամայական ընտրվում է կալանքը։
Դատաիրավական իշխանությունը դարձել է մեկ մարդու շահերի և ցանկությունների պաշտպանության գործիք, և այդ մեկ մարդը՝ Նիկոլ Փաշինյանն է, որի քաղաքական հակառակորդներ՝ լինեն ՏԻՄ ընտրություններում հաղթած ընդդիմադիր թեկնածուներ, կուսակցական, թե հանրային գործիչներ, զոհվածների ծնողներ, հայտնվում են քրեական հետապնդումների, դատավարական վարույթների փակ շղթայում, որոնց նպատակը նրանց ձայնը լռեցնելն է, գործունեությունը սահմանափակելը։ Հերթական դրվագը ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյաին ձերբակալումը, ապա կալանքն է։
Հայաստանի դեմոկրատական կուսակցությունը ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի կալանավորումը համարում է հիշյալ արատավոր և դատապարտելի գործունեության հերթական դրսևորում, որի դեմ աննահանջ պետք է պայքարել։ Մեր աջակցության ձայնն ենք բարձրացնում իրենց կարծիքն արտահայտելու և ընդդիմադիր գործունեության պատճառով քրեական, դատական հետապնդումների ենթարկվողների համար։ Համոզված ենք, որ ժողովրդավարական ազատությունների ճնշման բոլոր փորձերը Հայաստանում պետք է դատապարտվեն, քաղաքական հետապնդումները դադարեցվեն մեր ժողովրդի հավաքական կամքի դրսևորմամբ։ Քաղաքական հակառակորդների լռեցումն ամեն գնով վարչախմբի թուլության նշանն է»։