20/06/2023 09:43
«Հրապարակ». ՔՊ-ականների համար ամառը թեժ է լինելու. ԱԺ արտահերթ նիստերը որոշել են տեղափոխել հուլիս
«Հրապարակ» թերթը գրում է. «ՔՊ-ականների համար ամառը թեժ է լինելու, նրանք կես ամիս ունեն հանգստանալու համար, իսկ հուլիսից մինչև սեպտեմբեր պարտավոր են լծվել Երևանի ավագանու ընտրություններին՝ ով ինչով կարող է։ Սրանով է պայմանավորված, թերևս, որ ԱԺ նստաշրջաններին հաջորդող ավանդական արտահերթ նիստերը որոշել են անցկացնել ոչ թե այս կամ հաջորդ շաբաթվա ընթացքում, այլ տեղափոխել են հուլիս:
Հիշեցնենք, որ անցած շաբաթ խորհրդարանն ավարտեց հերթական նստաշրջանը։ Նախատեսվում է հուլիսին 3-4 արտահերթ նիստ անցկացնել, թիմի աշխատանքային ռիթմը վերականգնելու և «մարտունակությունը» վերականգնելու համար` մինչև օգոստոս, իսկ օգոստոսից արդեն կսկսվի Երևանի ավագանու ընտրությունների քարոզարշավը, որին առաջնորդը հրահանգել է բոլորին` անխտիր մասնակցել և ամեն ինչ անել հաղթելու համար։
Որպես կանոն, նստաշրջանի ավարտից հետո օրենսդիրներն արտահերթով սղղացնում են «տունը մնացած» կամ խնդրահարույց նախագծերը: Այս տարին ևս բացառություն չէ՝ այն տարբերությամբ, որ դրանց ընդունումը ոչ թե հունիսին, այլ հուլիսին կկայանա»։