20/06/2023 10:00
«Հրապարակ». Քննարկվում է Արմեն Աշոտյանի պաշտպանության կոմիտե կամ հանձնաժողով ձևավորելու հարցը
«Հրապարակ» թերթը գրում է. «ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի կալանավորումից հետո շատերն իրենց զորակցությունը հայտնեցին նրան` գրառումներ անելով, հարցազրույց տալով, դատարանի և Քննչական կոմիտեի մոտ ակցիաներին մասնակցելով։
Համընդհանուր վրդովմունք կար, քանի որ իրավական հիմնավորումները բացակայում են և՛ բուն քրեական գործում, և՛ հատկապես կալանքի հարցում: Մեծ թվով քաղգործիչներ, մտավորականներ, մշակույթի ոլորտի ներկայացուցիչներ այս օրերին քննարկում են Արմեն Աշոտյանի պաշտպանության կոմիտե կամ հանձնաժողով ձևավորելու հարցը, որում կներառվեն այս գործով հետաքրքրված մարդիկ։ Ինչպես նաև ստորագրահավաք են սկսել` Աշոտյանին ազատ արձակելու պահանջով:
ՀՀԿ մեր աղբյուրները վստահեցրին, որ իրենք կապ չունեն այդ գործընթացների հետ։ Ըստ ամենայնի՝ որոշել են ոչ թե ՀՀԿ-ականներով պաշտպանել նրան, այլ անկախ, անկուսակցական անձանց միջոցով, որպեսզի ավելի ակնհայտ դառնա քաղաքական հետապնդման առկայությունը։
Հիշեցնենք՝ Աշոտյանը հունիսի 16-ին կալանավորվեց երկու ամսով։ Ըստ Քննչականի՝ նա խախտել է խափանման միջոցի պայմանները. իր ծանոթների միջոցով մեղադրյալներին և վկաներին կոնկրետ փաստաբաններ է առաջարկել:
Կրթության նախկին նախարարը 2012-2018 թվականներին Հերացու անվան պետական բժշկական համալսարանի հոգաբարձուների խորհրդի նախագահն է եղել։ Նա մեղադրվում է պաշտոնեական դիրքի չարաշահման և փողերի լվացման հոդվածներով, որն առաջացրել է ծանր հետևանքներ։ Աշոտյանի պաշտպան Տիգրան Աթանեսյանից երեկ տեղեկացանք, որ կալանքի որոշումը դեռևս չի ստացել, որպեսզի կարողանա բողոքարկել։ Փաստաբանն ասաց, որ նրան պահում են «Նուբարաշեն» ՔԿՀ-ի կարանտինային հատվածում, նա խցում միայնակ է, բայց կարանտինը լրանալուն պես կտեղափոխեն հիմնական խուց»։