20/06/2023 09:36
«Ժողովուրդ». Գյումրիում ուզում են իշխանություն վերցնել Աննա Հակոբյանի ազգական փոխքաղաքապետ Վահագն Մկրտչյանի միջոցով
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Մեր աղբյուները հայտնում են, որ Նիկոլ Փաշինյանը որոշել է զբաղվել Գյումրիով և ամբողջական իշխանություն վերցնել այնտեղ։ Հիշեցնենք, որ այս պահին գործում է կոալիցիա ՔՊ-ի և «Բալասանյան» դաշինքի միջև, ու իշխանությունը փաստացի «Քաղաքացիական պայմանագրի» ձեռքում չէ։
Մեզ փոխանցեցին, որ Գյումրիում ՔՊ-ի մարդը լինելու է Աննա Հակոբյանի ազգական, փոխքաղաքապետ Վահագն Մկրտչյանը, և կամաց-կամաց ամբողջ քաղաքային իշխանությունը փոխանցվելու է նրան. արտահերթ կամ հերթական ընտրություններով նա է դառնալու քաղաքապետ։ Մկրտչյանի հանդեպ տածած հատուկ վերաբերմունքի դրսևորումներից մեկն այն է, որ Նիկոլ Փաշինյանը երկրորդ անգամ է մասնակցում այս երիտասարդի ընտանեկան միջոցառմանը, և այն լուսաբանվում է սոցցանցերում։
Ավելին՝ 28-ամյա երիտասարդի՝ քաղաքապետ դառնալու հարցը հեշտացնելու նպատակով կառավարությունը խոշոր ներդրումային ծրագիր է իրականացնելու, այդ նպատակով 12.06.2023թ.-ին վարչապետի N 635 Ա որոշմամբ ստեղծվել է Գյումրի համայնքի զարգացման ռազմավարության մշակման խումբ, որի անդամներրի թվում ընդգրկված է նաև Վահագն Մկրտչյանը: Փաշինյանի շրջապատից շատերը վստահ են, որ 2018թ.-ի հեղափոխությունից հետո Նիկոլի համար Գյումրին միստիկ ընկալումներ ևս ունի, իսկ հանարապետության երկրորդ քաղաքում բացարձակ իշխանություն հաստատելը նաև ներքաղաքական կարևորագույն հարց է։
Մեզ փոխանցեցին, որ ստեղծված իրավիճակը խիստ անհանգստացնում ու դուր չի գալիս գործող դերակատարներին, որոնք դեռևս չեն համարձակվում բացահայտ դժգոհություն արտահայտել, միաժամանակ երևի հույս ունեն, որ գոնե մի բան էլ իրենք կստանան իշխանություններից»։