20/06/2023 15:58
Հացատանը մոնտաժման աշխատանքներ կատարելիս՝ տղամարդը էլեկտրահարվել և տեղում մահացել է
Այսօր՝ հունիսի 20-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ SHAMSHYAN.com-ը գրում է, որ ժամը 10։10-ի սահմաններում «Մարտունի» բժշկական կենտրոնի շտապօգնության կողմից ահազանգ է ստացվել ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Մարտունու բաժին և հայտնել են, որ կանչով մեկնել են Ծովինար գյուղի տներից մեկը, որտեղ հացատանը հայտնաբերվել է տղամարդու դի։
Ոստիկաններն ու քննիչները նշված հացատանը հայտնաբերել են նույն գյուղի բնակիչ 60-ամյա Խաչիկ Թ․-ի դին։ Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել։ Քննիչի որոշմամբ՝ նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում դիակի դատաբժշկական։ Ըստ նախնական տեղեկությունների՝ Խաչիկ Թ․-ն մոնտաժման աշխատանքներ կատարելիս է եղել, երբ էլեկտրահարվել և տեղում մահացել է։ Դեպքի փաստով՝ Մարտունու քննչական բաժնում նախաձեռնվել է վարույթ։