20/06/2023 12:03
Կարող էինք խուսափել 44-օրյա պատերազմից, եթե նախորդ 25 տարիների ընթացքում լուծված լիներ Լեռնային Ղարաբաղի հարցը. Նիկոլ Փաշինյան
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի նիստում այսօր պնդեց՝ կարող էինք խուսափել պատերազմից, եթե նախորդ 25 տարիների ընթացքում լուծված լիներ Լեռնային Ղարաբաղի հարցը։
«Բայց այստեղ մի էական հարց է ծագում՝ ուզո՞ւմ էինք արդյոք լուծել ԼՂ հարցը, սրան զուգահեռ՝ մի շատ հիմնարար ու խորքային հարց է ծագում՝ կարո՞ղ էինք արդյոք լուծել ԼՂ հարցը ու եթե այո՝ ինչպե՞ս»,- նշեց նա։
Վարչապետի խոսքով՝ ԵԱՀԿ-ն, միջազգայի հանրությունն ասել են՝ ԼՂ-ի հարցը պետք է կարգավորվի ինքնորոշման իրավունքի հիման վրա ու այդ իրավունքի իրացումը ԼՂ-ին կտա բարձր ինքնավարություն Ադրբեջանի կազմում:
«Դեռևս 1996 թվականին միջազգային հանրությունը, այդ թվում ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի 5 մշտական անդամներից 4-ը, ԵԱՀԿ ՄԽ համանախագահող երկրները այս դիրքորոշումն են արտահայտել, ինչը ոչ հանրային, ոչ փարձագիտական մակարդակում պատշաճ չի լուսաբանվել, ես համոզված եմ, որ այս տեղեկատվությունը շատերի համար նորություն է, նորություն, որը հրապարակվել է 1996 թվականի դեկտեմբերին»,- ասաց նա։
Նիկոլ Փաշինյանը նշեց, թե ԼՂ-ին բանակցային գործընթացից հեռացնելը տեղի է ունեցել Ռոբերտ Քոչարյանի նախաձեռնությամբ։