21/06/2023 14:19
Ապաշրջափակման գործընթացը սկսվում է Երասխ-Հորադիս երկաթգծի վերաշահագործումից. կա վերջնական կոնսենսուս. ՀՀ փոխվարչապետ (Տեսանյութ)
Շատ կարևոր կոնսենսուս կա առ այն, որ ապաշրջափակման գործընթացը սկսվում է Երասխ-Հորադիս երկաթգծի վերաշահագործումից, լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։
Փոխվարչապետը կարևոր է համարում այս փաստը, քանի որ «կոնկրետ է ու շատ հասկանալի, թե ինչի շուրջ է խոսակցությունը»։
«Ես կարծում եմ՝ կա վերջնական ընկալում, որ կարգավորումները պետք է լինեն այն երկրների իրավազորության ու ինքնիշխանության ներքո, որոնց տարածքով երկաթգիծն անցնում է»,- ասաց նա։
Նա կարծում է, որ ադրբեջանական կողմը համաձայն է այս տարբերակին, քանի որ բազմիցս է հայտարարվել, որ այլ ձևաչափով այս հարցը չի քննարկվելու։
«Եթե կան հանդիպումներ ու քննարկումներ, նշանակում է, որ ընկալումը կիսում են բոլոր մասնակիցները։ Երկաթգծի Երասխ-Հորադիս հատվածի վերաշահագործման մասով կա վերջնական կոնսենսուս, բոլոր կողմերը հայտարարել են, որ համաձայն են ու դա այս պահի համար լավ ու դրական լուծում է տարածաշրջանի համար»,- ասաց ՀՀ փոխվարչապետը։
Գրիգորյանը մնացած հարցերի շուրջ դետալներ չբացեց, քանի որ վերջնական կոնսենսուս չկա։