21/06/2023 18:33
«Մենք պատրաստ ենք օգնել հստակեցնել սահմանագիծը՝ նաև այդ հատվածում»․ Զախարովան՝ Հակարիի կամրջի վրա տեղի ունեցած միջադեպի մասին
Ավանդական ճեպազրույցի ժամանակ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովային հարց է ուղղվել Լաչինի միջանցքի սկզբնամասում՝ Հակարիի կամրջի մոտ ռուս խաղաղապահների մասնակցությամբ միջադեպի մասին, որի կապակցությամբ Հայաստանում Ռուսաստանի դեսպանը կանչվել էր ՀՀ ԱԳՆ, որտեղ նրան մտահոգություններ էին հայտնել տեղի ունեցածի առնչությամբ։
«Հունիսի 15-ին նշված տարածքում՝ Լաչինի միջանցքի հայկական կողմում տեղի ունեցած միջադեպը Հայաստանի և Ադրբեջանի սահմանի սահմանազատված չլինելու ընդհանուր հանգամանքով է պայմանավորված»,- հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
Նրա խոսքով՝ ռուսական կողմը բազմիցս կոչ է արել հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման արդյունավետ ու հիմնավոր աշխատանքներ տանել՝ իր խորհրդատվական աջակցությամբ։
«Մենք պատրաստ ենք օգնել հստակեցնել սահմանագիծը՝ նաև նշված հատվածում, ինչը հերթական կռվախնձորն է դարձել կողմերի միջև»,- ասել է Զախարովան։
Նա նշել է նաև, որ ԼՂ-ում՝ իրենց պատասխանատվության գոտում առաքելություն իրականացնող ռուս խաղաղապահներին ուղղված մեղադրանքները մերկապարանոց են։
«Ռուս խաղաղապահներին հասցեագրված մեղադրանքները բացարձակապես անհիմն են։ Մենք խստորեն հորդորում ենք փոխել լրատվամիջոցների հռետորաբանությունը՝ այդ հարցում։ Խաղաղապահները սերտորեն աշխատում են կողմերի հետ՝ իրավիճակը կարգավորելու ուղղությամբ, հստակ կատարում են իրավիճակը կայունացնելու, հրադադարի ռեժիմը պահպանումը վերահսկելու խնդիրը՝ իրենց պատասխանատվության գոտում»,- ասել է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը։