21/06/2023 22:16
Սևադա Հակոբյանը՝ սեռական խանգարումների տարածվածության աճի մասին
Հայ Ամերիկյան Առողջության Կենտրոնի սեքսապաթոլոգ, դոցենտ Սևադա Հակոբյանը բացատրել է՝ ինչով է պայմանավորված սեռական խանգարումների տարածվածության աճն աշխարհում․
«Վերջերս կատարված լայնամասշտաբ հետազոտությունները փաստում են, որ սեռական խանգարումների տարածվածությունը կրկնակի գերազանցում է սրտի իշեմիկ հիվանդությանը: Մասաչուսեթսի գիտնականների կողմից իրականացված հետազոտությունը արձանագրել է, որ 40-70 տարեկան տղամարդկանց 52 % ունեն էրեկցիայի խանգարում:
Մեկ այլ հետազոտություն` կատարված ռուս գիտնականների կողմից, արձանագրել է առավել վատատեսական արդյունքներ. այսպես, ըստ այդ հետազոտության, 40 տարեկան տղամարդկանց մոտ այս կամ այն աստիճանի սեքսուալ խանգարումներ դիտվում են 39% դեպքերում, 50 տարեկանների մոտ՝ 48% , 57% 60 տարեկանների մոտ, և 67% 70 տարեկանների մոտ:
Առողջապահության Համաշխարհային Կազմակերպության տվյալներով՝ 2025թ․ էրեկտիլ դիսֆունկցիայով տղամարդկանց թիվը կհասնի 320 միլիոնի։ Գերմանիայում ամեն տասներորդ տղամարդն ունի հիպո- կամ անէրեկցիա, իսկ ԱՄՆ-ում շուրջ 30 միլիոն տղամարդ ունի այս խնդիրը:
Շաքարային դիաբետ ունեցող պացիենտների 50%-ն ունի տարբեր աստիճանի էրեկցիայի խանգարում: Ռուսաստանում կատարված հետազոտությունն արձանագրել է, որ ամուսնական զույգերի շուրջ 39.8% ունի ամուսնական սեքսուալ դիսհարմոնիա՝ աններդաշնակություն, ինչը, կարծում են, հանդիսանում է ամուսնալուծությունների գլխավոր պատճառներից մեկը:
Ապացուցված է հավաստի կապ սեքսուալ խանգարումների և սիրտ-անոթային հիվանդությունների միջև․ սրտի իշեմիկ հիվանդության ժամանակ 44% դեպքերում դիտվում են սեքսուալ խանգարումներ, զարկերակային գերճնշման դեպքում` 15 %:
Բացի այդ, սեռական խնդիրներ կարող են առաջանալ տարբեր դեղորայքային խմբերի շուրջ 200 դեղերի տևական օգտագործման ժամանակ՝ որպես կողմնակի էֆեկտ: Վնասակար սովորություններց լուրջ ռիսկի գործոններ են հանդիսանում ծխախոտի գործածությունը, խրոնիկ ալկոհոլիզմը, թմրամոլությունը, որոնք կարող են հանգեցնել էրեկտիլ դիսֆունկցիայի՝ 75-95 % դեպքերում:
Սեռական խանգարումների դերը զգալի է նաև տղամարդու անպղության կառուցվածքում․ հաստատված է, որ շուրջ 35% դեպքերում տղամարդու սեռական ֆունկցիայի խանգարման արդյունքում է լինում անպտղություն: Այսպիսով, խիստ կարևոր է սեռական առողջության պահպանումը՝ որպես մարդու ընդհանուր առողջության բաղկացուցիչ մաս»:
«ԿՅԱՆՔԻ ՈՐԱԿ» բաժնի գործընկեր՝ «ԴԵՐԺԱՎԱ-Ս» ընկերություն։
Բաժնի բոլոր նյութերին կարող եք ծանոթանալ ԱՅՍՏԵՂ: