21/06/2023 12:58
Եթե ուզում ենք պաշտպանել Արցախում ապրող մեր հայրենակիցներին, ուրեմն ռևանշիստնե՞ր ենք, պատերա՞զմ ենք ուզում. Կարեն Վրթանեսյան (Տեսանյութ)
Ինձ, երբ ասում են՝ ապացուցիր, որ Փաշինյանը բռնապետ է, պատասխանում եմ, որ ոչ բռնապետն ինչպե՞ս կարող է իր երկրի անձնագիր ունեցող 120․000 քաղաքացու ասել՝ նվիրում եմ ձեզ ուրիշ բռնապետի։ Քո երկրի քաղաքացիների անվտանգությունը ոչ միայն չես ապահովում, այլ նաև հորդորում ես՝ հանձնվել Ադրբեջանին, կասկածի տակ ես առնում Արցախը հայերին պատկանելու իրավունքն այն դեպքում, երբ Արցախում, ըստ գրավոր աղբյուրների, հայերն ապրել են 1700 տարի՝ առանց ընդհատումների, մինչդեռ, օրինակ, Երևանում պատմական որոշ փուլերում հայերի ներկայությունն ընդհատվել է։ Հիմա, երբ ուզում ենք պաշտպանել Արցախում ապրող մեր հայրենակիցներին, ստացվում է, որ ռևանշիստնե՞ր ենք, պատերա՞զմ ենք ուզում, Aysor.am-ի «Հարցեր կան» հաղորդմանն ասաց ռազմական փորձագետ Կարեն Վրթանեսյանը։
«Ըստ էության, ունենք երկու ամրոց՝ Արցախ և Հայաստանի Հանրապետություն. երկու ամրոցն էլ պաշարված են, թշնամին ասում է՝ մի ամրոցը տվեք մեզ ու լավ կապրեք։ Լավ չենք ապրելու, որովհետև հենց մի ամրոցը հանձնենք, թշնամու զորքը գալու է, հեշտորեն պաշարելու է այս մեկը ևս։ Ամրոցը թշնամուն չզիջելու դիրքորոշումը ռևանշի՞զմ է, թե՞ ռացիոնալ, պրագմատիկ մտածողություն։ Ռացիոնալ ազգայնականներիս, որ մեզ նաև քաղաքական հայ ենք անվանում, նպատակն է հզոր ազգային պետություն ունենալը, որ լինի այնքան հզոր, որ միայն իր լինելիությամբ, անձնագրով կարողանա ապահովել հայերի անվտանգությունը պատմական հայրենիքի ցանկացած կետում»։
Ռազմական փորձագետն ընդգծում է՝ չգիտես ինչու, Արևմուտք-Ռուսաստան հակամարտության պայմաններում Արևելյան Եվրոպայում ամեն կերպ խրախուսվում է ազգայնականությունը, իսկ մեր ազգայնականությունն ամեն կերպ փորձում են ճնշել․ «Ազգայնականությունը քիչ մոբիլիզացնող գաղափարախոսություններից է. մենք լիբերալիզմով չենք միավորվի, դասակարգային պայքարով՝ նույնպես»։
Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։