21/06/2023 11:05
Ո՞ւր են մեր երեխեքը, Փաշինյանն ասում էր, թե տղերքը մեզ կներեն 1-2 ամիս ավելի գերության մեջ մնալու համար, այդ հայտարարությունից 2 տարի է անցել. Ակցիա՝ ԱԱԾ-ի դիմաց
Ազգային անվտանգության ծառայության շենքի մոտ հավաքվել են 44-օրյա պատերազմում անհետ կորած զինծառայողների ծնողները` պահանջելով հանդիպում ԱԱԾ տնօրեն Արմեն Աբազյանի հետ։ Նրանց որդիները ծառայել են Էջմիածնի N զորամասում, և 2020 թվականի հոկտեմբերի 21-ից ծնողները որևէ տեղեկություն չունեն որդիներից։
Նրանք նշում են, որ սխալ հրամանի հետևանքով տղաները հայտնվել են շրջափակման մեջ, այնուհետև մի մասը՝ գերեվարվել, մի մասը՝ սպանվել։
Oragir.news-ի հետ զրույցում ծնողները նշել են, թե տեսանյութեր կան, որտեղ երևում է, թե ինչպես են իրենց որդիներին գերության տանում։ Ծնողներն այդ տեսանյութերը ներկայացրել են տարբեր ատյանների, սակայն մինչ օրս ոչ մի արձագանք չկա։
Oragir.News-ի հետ զրույցում անհետ կորած զինծառայողներից մեկի մայրն ասել է, որ դժգոհ են իշխանության աշխատանքից.
«Աշխատանք չկա, շուտով 3 տարին կլրանա, որ մեր տղերքից լուր չունենք, բայց իշխանությունը մատը մատին չի տալիս: Մեկը կարո՞ղ է պատասխանել, թե ո՞ւր են մեր երեխեքը: 2021-ին՝ ընտրությունների քարոզարշավի ժամանակ, Փաշինյանը հայտարարեց՝ մեր տղերքը մեզ կներեն 1-2 ամիս ավելի գերության մեջ մնալու համար, բայց այդ հայտարարությունից ուղիղ 2 տարի է անցել, անգամ հաստատված գերիներին չեն կարողանում բերել...»:
Ծնողներն ասել են, որ չեն հեռանալու, քանի դեռ իրենց չեն ընդունել։