21/06/2023 17:39
ԳՇ-ից Փաշինյանին ոչ հավաստի տեղեկություններ չեն հաղորդվել. Տիրան Խաչատրյան
Զինված ուժերի Գլխավոր շտաբը վարչապետ Նիկոլ Փաշինյանին չէր կարող մտացածին բաներ զեկուցել, սակայն զեկուցման ժամանակ ես չեմ եղել ո՛չ Նիկոլ Փաշինյանի, ոչ էլ Օնիկ Գասպարյանի կողքին, 24news․am-ին ասել է ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետի նախկին տեղակալ Տիրան Խաչատրյանը՝ անդրադառնալով 44-օրյա պատերազմի արդյունքների վերաբերյալ ԱԺ-ում Նիկոլ Փաշինյանի հնչեցրած հայտարարություններին։
Փաշինյանի խոսքով՝ ինքն Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանից է իմացել, որ ադրբեջանցիների մի խումբ Զառիսլի գյուղի հատվածում ճեղքել է մեր պաշտպանությունը և կանգնել Լաչին-Ստեփանակերտ ճանապարհին, այսինքն՝ փակել ճանապարհը, սակայն ԶՈՒ գլխավոր շտաբը չի հաստատել այդ տեղեկատվությունը։
«Սա, ի դեպ, պատերազմի ընթացքում արդեն մոտ մեկ տասնյակ անգամ կրկնված իրավիճակ էր, երբ ԼՂ նախագահը լուր էր հաղորդում, իսկ ԳՇ-ն չէր հաստատում լուրը, անգամ հերքում էր, իսկ որոշ ժամանակ անց ստիպված էր լինում խոստովանել, որ ԼՂ նախագահի տված տեղեկությունն է ճիշտ», - նշել էր Փաշինյանը։
Հարցին՝ արդյոք անճշտություններ եղե՞լ են Գլխավոր շտաբի և Պաշտպանության բանակի միջև, ինչպե՞ս է ստացվում, որ Արայիկ Հարությունյանն այլ տեղեկություն է հաղորդել, Գլխավոր շտաբը՝ այլ, Տիրան Խաչատրյանը պատասխանել է.
- Նորից եմ ասում, ո՛չ Նիկոլ Փաշինյանի կողքն եմ կանգնած եղել զեկույցը ընդունելուց, ոչ էլ զեկուցողի կողքին եմ կանգնած եղել զեկուցելուց:
- Այսինքն՝ կասկածի տա՞կ եք դնում Օնիկ Գասպարյանի զեկույցը։
-Ոչ, թող որևէ մեկի մտքով չանցնի, որ ԳՇ-ից մտացածին բան կարող են զեկուցել, մանրամասներ չգիտեմ՝ ինչ է զեկուցվել, բայց ԳՇ-ից ոչ հավաստի տեղեկություններ չեն հաղորդվել: Իսկ Փաշինյանի արած հայտարարություններին Օնիկ Գասպարյանը կարող է պատասխանել․ ինքը գնում է 44-օրյա քննիչ հանձնաժողովի նիստերին, այնտեղ այդ հարցերը հավանաբար իրեն կտրվեն, ինքն էլ կպատասխանի: