21/06/2023 16:23
Կանզասի նահանգապետ Լորա Քելին և բրիգադային գեներալ Մայքլ Վեներդին այցելում են Հայաստան
ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունը հունիսի 22-23-ը Երևանում կհյուրընկալի ԱՄՆ Կանզաս նահանգի նահանգապետ Լորա Քելիին։
Նահանգապետի այցի նպատակը Հայաստանի և Կանզասի միջև փոխգործակցության 20-ամյա հոբելյանի նշանավորումն է և Կանզաս նահանգի ու Հայաստանի միջև կապերի հետագա ամրապնդումը։
Նահանգապետ Քելիին ուղեկցում է ԱՄՆ բրիգադային գեներալ Մայքլ Վեներդին, որը Կանզասի Ազգային գվարդիայի հրամանատարի պաշտոնը ստանձնելուց հետո առաջին անգամ է այցելում Հայաստան։
Նահանգապետ Քելին և բրիգադային գեներալ Վեներդին կհանդիպեն ՀՀ վարչապետի և այլ բարձրաստիճան պաշտոնյաների, մասնավորապես՝ պաշտպանության, ներքին գործերի, կրթության, էկոնոմիկայի նախարարների հետ։ Նրանք նաև կայցելեն 12-րդ խաղաղապահ բրիգադ, Զինվորական հոսպիտալ, Պաշտպանական ազգային հետազոտական համալսարան, Ռազմական համալսարան և Հայաստանի ազգային ագրարային համալսարան։
Կանզաս նահանգի և Հայաստանի Հանրապետության գործընկերության ծրագիրը սկիզբ է առել 2003թ․-ին Հայաստանի, ԱՄՆ Կանզաս նահանգի և ԱՄՆ պաշտպանության դեպարտամենտի միջև փոխգործակցության համաձայնագրի ստորագրմամբ։
Ծրագրի շրջանակում Կանզասի Ազգային գվարդիան սերտորեն գործակցել է ՀՀ պաշտպանության նախարարության և այլ պետական կառույցների հետ՝ կյանքի կոչելով համատեղ նախաձեռնություններ՝ զինվորական ուսուցում, արտակարգ իրավիճակների պատրաստություն, ինչպես նաև փոխանակումներ իրավապահ, բիզնեսի, բժշկական, հանրային առողջապահության, կրթության ոլորտներում։