21/06/2023 19:38
«Ճապոնական կողմի իրականացրած ծրագրերը նշանակում են, որ Սյունիքը շարունակում է զարգանալ»․ մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը հանդիպել է Սյունիք այցելած Ճապոնիայի դեսպանի հետ
Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանն այսօր ընդունել է Հայաստանում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Մասանորի Ֆուկուշիմային։ Այդ մասին տեղեկացնում են Սյունիքի մարզպետարանից։
Հաղորդագրությունում նշված է․
«Պարոն Ֆուկուշիման առաջին անգամ է այցելում Սյունիք, մարզպետը ողջունել ու շնորհակալություն է հայտնել նրան՝ այցի համար։
Նշելով, որ ՀՀ-ն կարևոր գործընկեր է Ճապոնիայի համար՝ դեսպանը փաստել է, որ միևնույն ժամանակ հայ-ճապոնական գործընկերությունը տարբեր ոլորտներում շատ զարգացած չէ, ու ինքը շահագրռված է աշխատել այդ կապերի ընդլայնման ուղղությամբ։
Նա հատկապես կարևորել է տնտեսական կապերի զարգացումը, մշակույթի ոլորտում, երիտասարդության շրջանում փոխանակման ծրագրերը, ինչպես նաև ճապոնացի զբոսաշրջիկներին Հայաստանի ներուժը ներկայացնելը։
Ռոբերտ Ղուկասյանը նշել է, որ մարզային իշխանությունն իր հերթին ամեն ինչ կանի այդ գործընկերությունը մարզային մակարդակում խորացնելու համար։
Նա շնորհակալություն է հայտնել նաև Ճապոնիայի դեսպանատան կողմից Սյունիքում իրականացված ծրագրերի համար՝ նշելով, որ դրանք միշտ բարձր որակով են իրականացվում։ Խոսվել է, մասնավորապես, ՀԱԱ համալսարանի Սիսիանի մասնաճյուղին աջակցության, մարզի առողջապահական հիմնարկներին տրամադրված շտապօգնության մեքենաների, ՆՈՒՀ-երում տեղադրված արևային էներգիայի վահանակների ու այլ ծրագրերի մասին։
Բարձրաստիճան դիվանագետին հետաքրքրում էր նաև Սյունիքի սահմաններին տիրող ու մարզի բնակչության անվտանգային վիճակը, ինչը ևս Ռոբերտ Ղուկասյանը ներկայացրել է հյուրին։
«Ամենակարևորն այն է, որ մարդիկ ամուր կանգնած են ու ապրում են իրենց հողում, իսկ Ձեր այցն այս օրերին ևս մեկ կարևոր ազդակ է մեր բնակիչների համար, և ճապոնական կողմի իրականացրած ծրագրերը նշանակում են, որ Սյունիքը շարունակում է զարգանալ»»։