21/06/2023 20:01
«Ասացի՝ սուտ եք խոսում, ոչ մի աշխատանք էլ չեք անում»․ Անհետ կորածների ծնողներին ԱԱԾ պետի փոխարեն այլ պաշտոնյա է ընդունել
44-օրյա պատերազմում անհետ կորած զինծառայողների ծնողներին ԱԱԾ պետ Արմեն Աբազյանի հետ հանդիպել չի հաջողվել։ Նրանց ընդունել է այլ պաշտոնյա։ Այս մասին News.am-ի հետ զրույցում պատմել է ծնողներից մեկը։
«Ոչ մի բան էլ մեզ չասացին, մենակ՝ աշխատում ենք, ես էլ ասացի՝ սուտ եք խոսում, աշխատանք չկա։ Մենք ասացինք՝ ուղղորդեք՝ ով կարող է մեր երեխաների հարցով ստույգ պատասխան տալ, բայց, փաստորեն, ոչ մեկն էլ չի կարող։ Մենք ոչ մի բան չենք կարող անել, մնում է միայն պարբերաբար հիշեցնելը մեր երեխաների մասին պետական կառույցներում»,- ասել է ծնողը։
Հիշեցնենք՝ ծնողներն այսօր վաղ առավոտից ԱԱԾ-ի մոտ սպասում էին Արմեն Աբազյանի հետ հանդիպմանը։ Նրանց խոստացել էին 15։00-ին ընդունել։