21/06/2023 15:21
Ո՞ր սցենարի դեպքում Նախարարների կոմիտեն կստիպի Ադրբեջանին հարգել միջազգային իրավունքի նորմերը և կկանխի նոր պատերազմական հանցագործությունները. Արմեն Գևորգյանի հարցը` Էդգար Ռինկևիչին
ԵԽԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության մշտական անդամ, ԵԽԽՎ տեղական եւ տարածաշրջանային իշխանությունների հարցերով հիմնական զեկուցող Արմեն Գեւորգյանը վեհաժողովի ամառային նստաշրջանում հարց է ուղղել Լատվիայի ԱԳ նախարար, Նախարարների խորհրդի նախագահ Էդգար Ռինկեւիչին` հետաքրքրվելով՝ Ադրբեջանի պարագայում ո՞րն է նրա համար կարմիր գիծը։
«ԱՄՆ նախագահ Բայդենը երկու անգամ հյուրընկալել է Ժողովրդավարության գագաթնաժողովը, որտեղ որոշ անդամ երկրներ չեն հրավիրվել ժողովրդավարական սկզբունքներից նահանջելու պատճառով: Դրանցից մեկը Ադրբեջանի Հանրապետությունն է, որը ոչ միայն խարխլել է ժողովրդավարության չափորոշիչներն ու օրենքի գերակայությունը, այլեւ տարածաշրջանում բնիկ հայ ժողովրդի էթնիկական զտման գործունեություն է ծավալում:
Այս առումով կցանկանայի հարցնել` Ադրբեջանի պարագայում Ձեզ համար ո՞րն է կարմիր գիծը: Ո՞ր սցենարի դեպքում Նախարարների կոմիտեն առավել վճռականություն կցուցաբերի` ստիպելով Ադրբեջանին հարգել միջազգային իրավունքի նորմերը եւ կկանխի նոր պատերազմական հանցագործությունները»,- ասել է Գևորգյանը։
Լատվիայի ԱԳ նախարար, Նախարարների խորհրդի նախագահ Էդգար Ռինկեւիչը պատասխանել է. «Ի պատասխան Հայաստանից հարգարժան անդամի հարցին` թույլ տվեք ասել, որ Կոմիտեի նախագահության մեր դերում ընդհանուր մի սկզբունք ունենք` միջազգային իրավունքի բոլոր նորմերը, նաեւ` Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռները պետք է ի կատար ածվեն: Յուրաքանչյուր անդամ պետություն պետք է պահպանի այդ նորմերը:
Ինչպես եւ արդեն պատասխանեցի Հայաստանի ու Ադրբեջանի մեր հարգելի անդամների նախորդ հարցերին, մտադիր ենք խնդրել բոլոր անդամ երկրներին, որպեսզի իրականացնեն բոլոր կոնվենցիաները, նաեւ` հարգեն բոլոր այն պարտավորությունները, որ երկրները ստանձնել են այս կազմակերպությանն անդամակցելիս, եւ միշտ այս սկզբունքն ամեն ինչից վեր ենք դասելու:
Չեմ կարծում, թե գունավոր գծերով տարանջատումն այս մեծ կազմակերպության ոգուն համահունչ լավագույն մոտեցումն է: Մենք լի ենք վճռականությամբ` ապահովելու, որպեսզի յուրաքանչյուր անդամ-պետություն հավատարիմ մնա միջազգային իրավունքի հիմնական կանոնադրություններին եւ կոնվենցիաներին, ինչպես նաեւ` Եվրոպական կոնվենցիաներին»: