21/06/2023 23:14
«Դա սպառնալիք է մեր գոյությանը, այդ քաղաքական որոշումները պետք է բեկանվեն»․ Բագրատ Սրբազանը՝ «անկլավներ» հանձնելու պատրաստակամության մասին
Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանից Aravot.am-ը հետաքրքրվել է, թե ինչպիսին է մարզի սահմանամերձ բնակիչների վերաբերմունքը «անկլավները» հանձնելու՝ երկրի ղեկավարության պատրաստակամությանը։
«Մի քանի առիթներով անդրադարձել եմ այս խնդրին և զուտ մեծամասնության զգացումն արտահայտելով, եթե ճիշտ կարող եմ վերարտադրել, այն է, որ մենք որևէ կերպով համակերպվելու հարց չունենք։ Եվ սա չի կարող լինել միայն ճանապարհի, անցումների, տարածքի, արոտավայրերի, որևէ կերպով այլ բնութագրումով հարց, սա ուղղակիորեն մեր գոյության իրավունքի մասին է, սպառնալիք է ընդհանրապես։ Մեր սրբազան հայրենիքը լինելով հանդերձ՝ նաև սպառնալիք է ընդհանրապես մեր գոյությանը։ Սա նշանակում է Հայաստանի Հանրապետության և ընդհանրապես հայ ժողովրդի պաղեստինացում, սահմանափակում բոլոր առումներով՝ և՛ քո տեղաշարժի իրավունքը, և՛ հայրենիք ունենալու իրավունքը զիջել ուղղակի քո թշնամիներին։
Ես հատուկ կերպով հակառակորդ, հարևան, այդ բառերը չեմ օգտագործում, թշնամի են իրենք։ Եվ մեղմաբանության տեղ էլ չկա, հետևաբար եթե անդրադարձ կատարենք ժողովրդի զգացումին, չձևակերպված է շատ հաճախ իրենց մոտ, ներքին զգացողությամբ է․ մարդիկ կարծում են, որ դա զուտ ռազմական խնդիր է՝ խրամատներ մտնելով, պաշտպանելով և այլն։ Բայց դա ռազմական խնդիր չէ, դա քաղաքական որոշման խնդիր է, հետևաբար, այդ քաղաքական որոշումները պետք է բեկանվեն։ Չի կարելի մարդկանց սխալ ուղղորդում անել, այդպես թյուր պատկերացումներ տալ՝ ասելով, որ խրամատները պետք է պաշտպանել։ Մեր ժողովրդից շատ-շատերն ասում են, օրինակ՝ կգնանք, կլցվենք խրամատները և թույլ չենք տա։ Ինձ համար անհասկանալի է դա։ Այո՛, շատ գովելի է, որ մարդիկ այդպես են զգում, բայց ուղղությունն է սխալ, որովհետև խրամատի խնդիր չէ դա, դա քաղաքական որոշման, նույնիսկ, եթե կուզեք, բարոյական որոշման հարց է, հետևաբար, ինչպես ասել եմ՝ մեզ համար «անկլավ», որպես այդպիսին, բառը ընդհանրապես պետք է բառարանից դուրս գա, գոյություն չունենա, սա մեր սրբազան հայրենիքն է, մեր գոյության իրավունքն է»,-ասել է Սրբազանը։