21/06/2023 22:34
Ստոկհոլմում առաջարկել են «Եվրատեսիլ 2024»-ի անցկացման համար նոր համալիր կառուցել, որտեղ մինչև 15 000 մարդ կտեղավորվի
Ստոկհոլմի քաղաքային իշխանությունները «Եվրատեսիլ 2024»-ի անցկացման համար առաջարկել են ընտրել Ֆրիհամնեն նավահանգիստը, որտեղ նախատեսում են բնապահպանական պահանջներին համապատասխան՝ «էկոլոգիապես մաքուր» ժամանակավոր բեմահարթակ կառուցել, հայտնում է Dagens nyheter-ը։
Առաջարկվող վայրում, ըստ նախնական հաշվարկների, կտեղավորվի 11 180-ից 14 700 մարդ: Իսկ թե որքան գումար կծախսվի նախագծի իրականացման վրա, հայտնի կդառնա վերջնական հաշվարկներից հետո։ «Եվրատեսիլ 2024»-ի անցկացումից հետո այն կպահպանեն՝ այլ միջոցառումների համար։
Նշենք, որ 2024 թվականին «Եվրատեսիլ 2024» երգի մրցույթը պետք է անցկացվի Շվեդիայում՝ նախորդ մրցույթում այդ երկրի ներկայացուցիչ երգչուհի Լորենի հաղթանակի շնորհիվ։ Ստոկհոլմից բացի, երգի մրցույթի անցկացման համար հայտեր են ներկայացրել նաև շվեդական այլ քաղաքներ՝ Օրնսկոլդսվիկը, Մալմյոն և Գյոթեբորգը։
Շվեդիայի հանրային հեռարձակողի (SVT) ներկայացուցիչները խոստացել են վերջնական ընտրության մասին հանրությանը տեղեկացնել մինչև հուլիսի կեսը։