21/06/2023 21:10
Եվրոպական խորհրդարանը սատարում է Լաչինի միջանցք փաստահավաք առաքելություն ուղարկելու գաղափարին, ողջունում է միջազգային ներկայության գաղափարը ԼՂ-ում․ Նատալի Լուազո
Եվրոպական խորհրդարանն ամբողջությամբ սատարում է Լաչինի միջանցք միջազգային փաստահավաք առաքելության ուղարկելու գաղափարին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Եվրոպական խորհրդարանի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի Անվտանգության և պաշտպանության ենթահանձնաժողովի նախագահ Նատալի Լուազոն` պատասխանելով հարցին, թե Հայաստան իր այցի շրջանակներում վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ քննարկվե՞լ է Լաչինի միջանցք փաստահավաք խումբ ուղարկելու հարցը, և արդյոք այս պահին տեսնո՞ւմ է նման հնարավորություն։
«Առաջինը՝ Լաչինի միջանցքի ապաշրջափակման մասով գոյություն ունի Արդարադատության միջազգային դատարանի վճիռը, որը պետք է պատշաճ կատարվի։ Երկրորդը՝ Եվրոպական խորհրդարանը լրիվ սատարում է փաստահավաք առաքելություն ուղարկելու գաղափարին։
Եվրոպական խոհրդարանը նաև ողջունում է առհասարակ միջազգային ներկայության գաղափարը Լեռնային Ղարաբաղի բնակչության իրավունքները և շահերը լիարժեք պաշտպանելու համար։
Մենք նաև միանգամայն կողմ ենք, որպեսզի ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի բանաձև ընդունվի։ Եվ ինչքան շուտ, այնքան լավ կլինի, եթե ՄԱԿ անվտանգության խորհրդի անդամները նախապատրաստեն այդօրինակ բանաձևի նախագիծը»,- ասել է Լուազոն։