21/06/2023 20:30
Ուղերձ եմ հղում Բաքվում հավատարմագրված եվրոպական դեսպաններին՝ եթե Ադրբեջանը նրանց հրավիրի ապօրինի տեղակայված անցակետ, ձեռնպահ մնալ հրավերն ընդունելուց․ Նատալի Լուազո
Մամուլի ասուլիսի ժամանակ Եվրոպական խորհրդարանի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի Անվտանգության և պաշտպանության ենթահանձնաժողովի նախագահ Նատալի Լուազոն տեղեկացրել է դեպի Լաչինի միջանցք կատարած այցի արդյունքների մասին։ Այդ մասին հայտնում է «Արմենպրես»-ը։
«Մոտեցանք Լաչինի միջանցքի մուտքին և սեփական աչքերով տեսանք Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ամբողջական և ապօրինի շրջափակումը։ Լսեցինք զինված միջադեպերի աճող քանակի և Հայաստանի ինքնիշխան տարածք ներխուժման մասին։ Երասխի միջադեպի մասին տեղեկացանք, որտեղ թիրախավորվել էին քաղաքացիական անձինք։ Մենք նաև տեղեկացանք Լաչինի միջանցքի մուտքի մոտ տեղի ունեցած միջադեպի մասին, որտեղ ադրբեջանցիները փորձում էին դրոշ բարձրացնել։ Ես կցանկանամ խիստ ուղերձ հղել՝ ինչքան էլ Հայաստանը նվիրված է խաղաղությանը, Ադրբեջանը պարտավոր է ապացույցներ ներկայացնել առ այն, որ ինքը ևս նվիրված է խաղաղությանը։ Եվրամիությունը իր ջանքերն է գործադրում, որպեսզի հեշտացնի կապերը Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարությունների միջև»,- ասել է Լուազոն։
Նրա խոսքով՝ Եվրամիությունը ջանքեր է գործադրում լարվածությունը նվազեցնելու ուղղությամբ, Հայաստանում Եվրամիության առաքելության ներկայությունը նույնպես պետք է նպաստի այդօրինակ լարվածության նվազեցմանը։
«Ինչպես գիտեք, պատերազմ սկսելու համար ընդամենը մեկ երկիր է պետք, բայց այն դադարեցնելու համար հարկ է երկու երկրների բարի կամքի դրսևորումը։ Արդեն ժամանակը հասել է, որպեսզի կայուն խաղաղություն հաստատվի։ Ուզում եմ վերահաստատել Եվրոպական խորհրդարանի դիրքորոշումը՝ Լաչինի միջանցքի արգելափակումը ապօրինի է և պետք է դադարեցվի։ Լեռնային Ղարաբաղի հայերի իրավունքները և բարեկեցությունը պետք է պաշտպանվեն և Հայաստանի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը պետք է հարգանքի արժանանան։ Ես այս ուղերձը ինձ հետ կտանեմ Բրյուսել, վկայություն կտամ այն մասին, թե ինչ ենք տեսել և լսել Հայաստանում գտնվելիս։
Քանի որ Լաչինի միջանցքի արգելափակումը ապօրինի է, ես նաև ուղերձ եմ հղում Բաքվում հավատարմագրված եվրոպական դեսպաններին՝ եթե Ադրբեջանը նրանց հրավիրի ապօրինի տեղակայված անցակետ, նրանք պետք է ձեռնպահ մնան հրավերը ընդունելուց՝ հետևողական մնալով Արդարադատության միջազգային դատարանի վճռի պայմաններին»,- եզրափակել է Լուազոն։