21/06/2023 15:04
«Եթե ճանապարհը չբացվի, սարսափելի վիճակում ենք հայտնվելու»․ Շուշիի վարչակազմի ղեկավար. («Հետք»)
Hetq.am-ը գրում է.
«Կես տարուց ավելի է Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը՝ Լաչինի միջանցքը փակ է։ 2022թ․ դեկտեմբերի 12-ին ադրբեջանցիները բնապահպանական կեղծ պատճառաբանությամբ փակել էին ճանապարհը։ Այս տարվա ապրիլի 23-ին էլ անցակետ են տեղադրել Հայաստանի հետ սահմանին։ Անցակետի տեղադրումից հետո Շուշիի շրջանի Եղցահող, Հին Շեն, Մեծ Շեն և Լիսագոր գյուղերի բնակիչները մնացել են կրկնակի շրջափակման մեջ, նրանք կտրվել են ինչպես Ստեփանակերտից, այնպես էլ Հայաստանի Հանրապետություն մեկնելու հնարավորությունից:
Շուշիի վարչակազմի ղեկավար Գրիշա Հովհաննիսյանը մեզ հետ զրույցում ասում է, որ Հին Շեն վերջին անգամ դեղորայք, սնունդ, առաջին անհրաժեշության պարագաներ մատակարարվել է 15-20 օր առաջ։ Այժմ բանակցություններ են ընթանում Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի միջոցով շրջափակված գյուղեր դեղորայք ու սնունդ հասցնելու ուղղությամբ։
Վարչակազմի ղեկավարի խոսքով երկարաժամկետ շրջափակումը, առանց հումանիտար օգնություն Հայաստանից Արցախ տեղափոխելու հնարավորության շուտով կհանգեցնի հումանիտար աղետի։
«Ճիշտ է, Արցախում պտուղ-բանջարեղենների որոշ տեսակներ սկսել են աճեցնել, բայց բնականաբար այդ քանակը բավարար չէ, ու եթե ճանապարհը չբացվի, սարսափելի վիճակում ենք հայտնվելու։ Այս պահի դրությամբ գյուղերում չկա սննդի պակաս, բայց պահեստավորված քանակը շուտով կարող է սպառվել, դրա համար բանակցություներ են տարվում նոր խմբաքանակ ուղարկելու համար։ Որոշ տեսակի դեղերի կարիք կա այս պահին, իսկ քրոնիկ հիվանդություններ ունեցողների համար նախատեսված դեղորայքի կարիքը առաջիկայում կարող է շատ խիստ զգացվել»,- նշեց Գրիշա Հովհաննիսյանը՝ հավելելով, որ միակ լուծում ճանապարհի ամբողջական բացումն է։