21/06/2023 14:44
Փաշինյանն ու իր խմբակը փոխել են մեր սպառազինությունների գնման պլանը, որով նախատեսված էր շուրջ 2000 հատ ԱԹՍ-ների գնում
ԱԺ պատգամավոր Հայկ Մամիջանյանը հրավիրված ասուլիսի ժամանակ հայտարարեց, որ սպառազինության մասով Փաշինյանի հնչեցրած հայտարարությունները սուտ են:
«Եթե նայեք պաշտպանական մեր բյուջեն այդ տարիներին, կհամոզվեք, որ ֆիզիկապես հնարավոր չէ, որ այդ ծավալով սպառազինության գնում իրականացվեր: Այդ թվերը չեն համապատասխանում ՀՀ պաշտպանական բյուջեի թվերին: Նշեմ նաև, որ մեզանից մնացել է շուրջ 100մլն դոլարի սպառազինության գնման բյուջե, շուրջ 200մլն դոլարի վարկային պայմանավորվածություններ, իսկ իր նշած թվում ահռելի բաժին են կազմում Սու-երը, որոնք մարտագլխիկ չունեին և որևէ կերպ չեն օգտագործվել ՀՀ-ի և Արցախի անվտանգության ապահովման համար, ՕՍԱ-ՕԿԱ-ները, որոնք ինչպես իրենք բացահայտեցին, ժամկետնանց էին:
Հիշեցնեմ, որ Փաշինյանն ու իր խմբակը փոխել են մեր սպառազինությունների գնման պլանը, որով նախատեսված էր շուրջ 2000 հատ ԱԹՍ-ների գնում: Պատկերացնո՞ւմ եք, թե դրանք ինչ դերակատարում կարող էին ունենալ պատերազմի ժամանակ: Նախատեսված էր ՀՕՊ համակարգերի գնում, պատկերացնո՞ւմ եք, թե ինչքան կյանքեր կարող էին դրանք փրկել: Ինչ-որ երեսփոխաններ կան՝ ասում են, որ ես տոննայով եմ սպառազինությունը չափում: Այո, տոննայով եմ ասում, որ թվեր չասեմ: Այդ թվերը ներքաղաքական իմաստով մեզ օգուտ կտան, բայց մենք, ի տարբերություն ձեզ, պետության շահն ավելի ենք դասում, քան ներքաղաքական դիվիդենտը»,-ընդգծեց Մամիջանյանը: