22/06/2023 11:17
Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը կկայանա հաջորդ շաբաթ
Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը կկայանա հաջորդ շաբաթ, կառավարության նիստում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Նա պնդեց՝ պետք է գործարկվի Բաքու-Ստեփանակերտ երկխոսության միջազգային մեխանիզմը, որի շրջանակներում կհասցեագրվի ԼՂ հայության իրավունքների ու անվտանգության հիմնախնդիրը։
Ինչ վերաբերում է Հայաստան-Ադրբեջան հարաբերություններին՝ նա ասաց, թե հայկական կողմի դիրքորոշումը շարունակում է մնալ նույնը՝ բոլոր ջանքերը պետք է գործադրել խաղաղության հաստատման և հարաբերությունների կարգավորման պայմանագիր կնքելու համար։
«Հաջորդ շաբաթ Վաշինգտոնում տեղի է ունենալու Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը։ Մեր պատվիրակությունն ԱՄՆ է մեկնում հենց այս տրամադրվածությամբ»,- ասաց նա։
Հայաստանն Ադրբեջանին առաջարկել է նաև անցկացնել սահմանագծման հանձնաժողովի նիստ. սկզբունքային պատրաստակամություն կա։
«Հայաստանը պատրաստ է նաև օր առաջ տարածաշրջանի տրանսպորտային ու տնտեսական ուղիների ապաշրջափակմանը՝ կողմերի ինքնիշխանության, իրավազորության ու փոխադարձության սկզբունքների ներքո»,- հավելեց նա։