22/06/2023 16:26
Էնդոպրոթեզավորում. Արթրոզի բուժման վերջնական և արդյունավետ մեթոդը
Արթրոզը մարդկանց շրջանում առավել հայտնի է մաշված հոդեր անվանմամբ։ Ախտորոշումը նախկինում սովորաբար կատարվում էր 60 տարեկանից հետո, հիվանդությունը, սակայն, մեր օրերում երիտասարդացման միտում ունի:
Արթրոզի վերջնական բուժումը վիրահատությունն է՝ էնդոպրոթեզավորումը: «Նաիրի» բժշկական կենտրոնի վնասվածքաբանության և օրթոպեդիայի ծառայության ղեկավար Զավեն Մելիքյանը ներկայացնում է խնդրի առաջացման պատճառներն ու բուժման եղանակները.
«Արթրոզի առաջին նշանը ցավն է ու շարժումների սահմանափակումը հոդերում: Ենթաճառային համակարգում առաջանում է նյութափոխանակության խանգարում, որն էլ բերում է արթրոզի: Ենթաճառային համակարգում նյութափոխանակման խանգարման կարող են հանգեցնել, օրինակ, ինֆեկցիաները, հորմոնալ խանգարումները, նստակյաց կյանքը, տրավմաները և այլն»:
Բժշկի խոսքով, հաճախ այդպես էլ չի հաջողվում պարզել արթրոզի իրական պատճառը, իսկ հիվանդության երիտասարդացման պատճառ կարող են դառնալ սխալ կենսակերպն ու սնունդը:
«Արթրոզի բուժումը պետք է սկսել հիվանդության հայտնաբերումից անմիջապես հետո: Հիվանդությունը, ցավոք, լիարժեք չի բուժվում, բայց այսօր բժշկության մեջ տարբեր մեթոդներ կան, որոնց կիրառման շնորհիվ հնարավոր է մեղմացնել ցավը, դանդաղեցնել հիվանդության զարգացման տեմպը և բարելավել կյանքի որակը: Արթրոզը կարող է բերել վերջույթի կարճացման, մկանների թուլացման և այլ հետևանքների: Սա հիվանդներին ոչ թե պետք է վախեցնի, այլ սթափեցնի: Արթրոզի առաջին իսկ նշանների դեպքում անհրաժեշտ է դիմել բժշկի»,-ասաց մասնագետը:
Խոսելով արթրոզի բուժման եղանակների մասին, բժիշկը խնդրի վերջնական բուժումը համարեց էնդոպրոթեզավորումը.
«Վիրահատության ժամանակ փոխվում են հիվանդ ծնկահոդը կամ կոնքազդրային հոդը, և տեղադրվում է արհեստական հոդ: Մինչ վիրահատական եղանակին դիմելը, սակայն, փորձում ենք կիրառել հնարավոր բոլոր այլ տարբերակները, քանի որ արհեստական հոդը ոչ մի դեպքում չի կարող լիարժեք փոխարինել բնականին: Հիվանդի վիճակը նկատելի կարող են բարելավել հոդի մեջ արվող ներարկումները՝ սինովյալ պրոտեկտորները, որոնց արդյունքը հաճախ տեսանելի է լինում մինչև մեկ ու կես տարի»:
Խոսելով էնդոպրոթեզավորման մասին՝ նա նշեց, որ նախկինում այս վիրահատությունը շատ ավելի դժվար ընթացք ու հետվիրահատական բարդ շրջան էր ենթադրում: Այսօր, սակայն, կիրառելով աշխարհում ընդունված նոր մոտեցումները, հնարավորություն կա հասնելու ավելի լավ արդյունքների:
Վերականգնողական փուլում, եթե անհրաժեշտություն կա, տանը հիվանդի հետ պետք է շարունակի աշխատել ֆիզիոթերապևտը: Հիվանդը սկզբում քայլում է քայլակով, հետո՝ հենակներով: Վեց շաբաթվա ընթացքում նա հրաժարվում է հենակներից և անգամ ձեռնափայտից՝ վերադառնում իր նորմալ կենսակերպին:
Էնդոպրոթեզները, սովորաբար, ծառայում են միջինը 15-20 տարի: Եղել են հիվանդներ, որ 20 տարի անց ռենտգեն հետազոտություն են անցել, և տեսել ենք գերազանց վիճակ, իսկ մեկ ուրիշին տեղադրված էնդոպրոթեզները վեց տարի անց արդեն ռեվիզիայի կարիք են ունեցել:
«Կան որոշ կանոններ, որոնք պահպանելով կարելի է երկարացնել պրոթեզի օգտագործման ժամանակը, սակայն, մենք Էնդոպրոթեզավորված հիվանդներին քիչ սահմանափակումներ ենք տալիս, քանի որ այդ վիրահատությունը արվում է հիվանդի կյանքի որակը բարձրացնելու համար»,-ասաց բժիշկը։
«ԿՅԱՆՔԻ ՈՐԱԿ» բաժնի գործընկեր՝ «ԴԵՐԺԱՎԱ-Ս» ընկերություն։
Բաժնի բոլոր նյութերին կարող եք ծանոթանալ ԱՅՍՏԵՂ: