22/06/2023 13:23
Երասխ-Հորադիս երկաթգիծը բացվում է Ադրբեջանի համար. շատ հարցերի պատասխաններ իշխանությունը չի տալիս. Ստեփան Դանիելյան
Քաղաքագետ Ստեփան Դանիելյանի խոսքով, մեր անվտանգային խնդիրներն այսօր այնքան են շատացել, որ արդեն անիմաստ է խոսել, թե ինչ անվտանգային խնդիրներ կունենանք, եթե վերագործարկվի Երասխ-Հորադիս երկաթգիծը։
«Ինչ վերաբերում է այդ ճանապարհին՝ հիմնական խնդիրը հետևյալն է։ Ինչպե՞ս է վերահսկվելու Սյունիքով անցնող հատվածը, ո՞վ է վերահսկելու։ Այդ հարցերի պատասխանները մենք չենք ստացել։ Ինչքան էլ հայտարարություններ են արվում, այսպես կոչված, ՀՀ իշխանությունների կողմից, որ վերահսկողությունն իրենց կողմից է իրականացվելու, դրանով պարզապես հանրությանն են ապակողմնորոշում։ Իրականում իրենց ամբողջ քաղաքականությունն այն է, թե ում հանձնեն այդ հատվածի վերահսկողությունը, և դրա շուրջ գնում է պայքար ՌԴ-ի և Արևմուտքի միջև, ինչպես նաև այդ մասով Իրանն ունի կարմիր գծեր։ Այդ հարցի պատասխանը հստակ չեն տալիս», - Aysor.am-ի հետ զրույցում նշեց նա։
Քաղաքագետի խոսքով՝ այդ ճանապարհը բացվում է Ադրբեջանի համար.«Մեզ չեն ասում, թե արդյո՞ք Երասխ գյուղի և Իրանի հատվածը բացվում է, թե՞ ոչ, Գյումրիի ուղղությամբ աշխատելո՞ւ է, թե՞ ոչ։ Այդ հարցերի պատասխանները մեզ չեն տալիս, սակայն մեծ թափով սարքում են «Մարգարայի» անցակետ»։
Քաղաքագետը խորհուրդ է տալիս՝ եթե ցանկանում եք հասկանալ, թե ինչ է կատարվում իրականում և ճշմարտությունը որտեղ է, ապա պետք է ընդհանրապես չլսել, թե ինչ են խոսում ՀՀ իշխանությունները, այլ պետք է հետևել, թե ինչ են խոսում Ադրբեջանում, ՌԴ-ում, Թուրքիայում իշխանությունները.«Այդ դեպքում պատկերը կտեսնեք, իսկ ՀՀ իշխանությունների խոսքերն ավելի շուտ խճճում են, քան բացահայտում իրականությունը»։
Այսօր հայտարարվեց, որ հաջորդ շաբաթ կկայանա ՀՀ-ի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հետաձգված հանդիպումը։ Դանիելյանի խոսքով, եթե հետաձգվում է որևէ հանդիպում, ուրեմն պայմանավորվածություններում խնդիրներ կան, իսկ եթե արդեն հանդիպում են, ուրեմն այդ խնդիրները հարթվել են.«Եթե Ադրբեջանն է հետաձգել՝ նշանակում է, որ Ադրբեջանը պայման է դրել։ Եթե ՀՀ-ն պայմանը չի ընդունել, ուրեմն հանդիպումը չի լինում։ Հիմա եթե նորից հանդիպում են, դա նշանակում է, որ Ադրբեջանի պայմանը առնվազն համաձայն են քննարկել։ Այդ ընթացքում, նշեմ, որ փակվեց Լաչինի ճանապարհը, այսինքն՝ դա ճնշում էր Ադրբեջանի պայմանն ընդունելու համար։ Հիմա, կարելի է ենթադրել, որ ինչ-որ պայման կա, որը Հայաստանն ընդունել է և հավանական է, որ այդ պայմանը ճանապարհների հետ է կապված»։
Հիշեցնենք՝ երեկ լրագրողների հետ զրույցում փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը ասել էր, որ շատ կարևոր կոնսենսուս կա առ այն, որ ապաշրջափակման գործընթացը սկսվում է Երասխ-Հորադիս երկաթգծի վերաշահագործումից։