22/06/2023 20:04
«Իրանի համար շատ կարևոր է ի դեմս Հայաստանի՝ ունենալ հզոր և տնտեսապես զարգացած հարևան»․ Մայր Աթոռում տեղի է ունեցել Գարեգին Երկրորդի և Աբբաս Բադախշան Զոհուրիի հանդիպումը
Հունիսի 22-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Հայաստանի Հանրապետությունում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրիին:
Վեհափառ Հայրապետը գոհունակությամբ անդրադարձավ դեսպանի՝ Հայաստանում իրականացրած ծառայությանը՝ գնահատելով հայ ժողովրդի և Հայոց Եկեղեցու հանդեպ դրսևորած նրա ազնիվ վերաբերմունքը: Նորին Սրբությունն ի դեմս դեսպանի շնորհակալություն հայտնեց Իրանի Իսլամական Հանրապետությանը դժվարին այս ժամանակաշրջանում Հայաստանին ցուցաբերվող զորակցության համար:
Իր հերթին դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրին, Նորին Սրբությանը ներկայացնելով Հայաստանում իր ծառայության տարիների արդյունքներն ու ձեռքբերումները, վստահություն հայտնեց, որ երկու երկրների միջև առկա ջերմ ու բարեկամական հարաբերությունները կշարունակեն առավել զորանալ ու արդյունավորվել: Անդրադարձ կատարելով տարածաշրջանային իրավիճակին, դեսպանը կարևորեց հակամարտությունների խաղաղ կարգավորման անհրաժեշտությունը: Պարոն Աբբաս Բադախշան Զոհուրին փաստեց նաև, որ Իրանի համար շատ կարևոր է ի դեմս Հայաստանի՝ ունենալ հզոր և տնտեսապես զարգացած հարևանի:
Զրույցի ընթացքում Ամենայն Հայոց Կաթողիկոսը և դեսպանը անդրադարձան մարդկային կյանքում հոգևոր, բարոյական արժեքների զորացմանը, ինչը կնպաստի ավելի բարի, ապահով ու խաղաղ դարձնելու աշխարհը:Հանդիպմանը անդրադարձ կատարվեց նաև Իրանի հայ համայնքի հոգևոր կյանքին։
Վերջում Նորին Սրբությունը դեսպանին մաղթեց նորանոր հաջողություններ իր հետագա գործունեության մեջ: