22/06/2023 16:33
Երբ դահլիճից հնչեց՝ Արցախը Հայաստան է, այդ պահին ոգևորվեցի, մարտը հաղթական ավարտի հասցրի. Սարգիս Հարությունյան
Մարտը երկարում էր, երբ հանկարծ դահլիճից Ֆեդերացիայի քարտուղարը գոռաց՝ Արցախը Հայաստան է, այդ պահին միանգամից մարտը հաղթական ավարտի հասցրի։ Երբ իմացա, որ մրցակիցս այս անգամ էլ ազգությամբ թուրք է, ուրախացա. իրենց հաղթելը կրկնակի հաճելի է, Aysor.am-ի հետ զրույցում նշել է 44-օրյա պատերազմի մասնակից Սարգիս Հարությունյանը։
44-օրյա պատերազմում երկու ոտքը կորցրած Սարգիս Հարությունյանը հաշմանդամային բազկամարտի Եվրոպայի առաջնությունից վերադարձել է ոսկե մեդալով։ Սարգիսը պատրաստվում է հաջողությունը կրկնել երկու ամիս անց Ղազախստանում կայանալիք աշխարհի առաջնությանը։
«Սպորտը փոխել է կյանքիս որակը, օրվա զգալի հատվածն անցկացնում եմ մարզասրահում, անվերջ մարզվելու մոտիվացիան աշխարհի տարբեր անկյուններում Արցախը պատվով ներկայացնելն է։ Ցավալի է, որ շրջափակման պատճառով սրտիս ուզած պահին չեմ կարողանում Արցախ գնալ: Բոլոր հարազատներս Արցախում են, մի քանի օր առաջ էլ լույս աշխարհ են եկել եղբորս աղջիկները։ Այն, որ չեմ կարողանում գնալ հարազատներիս տեսության, չեմ կարողանում երեխաներից կարոտս առնել, շատ է հիասթափեցնում։
Այս պահին ամենից շատ անհանգստացնում է մարդկանց անտարբերությունը, մի քանի օր առաջ միջոցառման էի մասնակցում, առաջակ հնչեց՝ ծափահարել Արցախի համար, մի քանիսն արձագանքեցին, լռություն էր, զարմացա՝ ինչու այդպես արձագանքեցին։ Միտքը, որ Արցախում կատարվողը Երևանում ոչինչ չի փոխում, հիասթափեցնող է, բայց, իհարկե, իմ շուրջը կան Արցախի հոգսերով ապրող մարդիկ, որ հաճախ հարցնում են՝ ինչ անենք Արցախի համար»։
Սարգիսն ասում է, ցավոք, հստակ չգիտի՝ ինչ անել Արցախի համար, ասում է՝ այն, ինչ անում է՝ Արցախի անունը բարձր պահելու համար է, բայց ստացվում է, որ անկարող է իրավիճակը փոխելու համար որևէ բան անել։