22/06/2023 13:33
Կալանավորվել է Վարդան Ղուկասյանի մյուս քույրը՝ Կարինե Ղուկասյանը
«Հայկական ժամանակ»-ի տեղեկություններով՝ ձերբակալվել է Վարդան Ղուկասյանի՝ (հանրությանը առավել հայտնի «Դոգ» մականվամբ) մյուս քույրը։
Տեղեկությունը ճշտելու համար կայքը կապ է հաստատել ՀՀ քննչական կոմիտե։ Կառույցից հաստատել են լուրը՝ նշելով․
«ՀՀ քննչական կոմիտեում քննվող քրեական վարույթի շրջանակներում 21․06․2023թ․ ձերբակալվել է Կարինե Յուրիկի Ղուկասյանը։ Նախաքննությամբ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ Կարինե Ղուկասյանը մտերիմ-անձնական կապերի մեջ է գտնվել ոստիկանության Երևան քաղաքի վարչության համապատասխան ծառայության աշխատակցի հետ, և սոցիալական ցանցի հավելվածի միջոցով նրանք հաղորդակցվել են, որի ընթացքում Կարինե Ղուկասյանը խնդրելու և համոզելու եղանակով դրդել է ոստիկանության ծառայողին իրեն տրամադրել ֆիզիկական անձի անձնական, հրապարակման ոչ ենթակա, ուղղակի կերպով անձին նույնականացնող տեղեկություններ։ Պաշտոնատար անձը, հանցավոր համաձայնության գալով Կ․ Ղուկասյանի հետ, օգտվելով իրեն հասանելի ՀՀ կառավարման մարմինների շտեմարաններից, տեղեկությունները տրամադրել է Կ․ Ղուկասյանին»։
Քննչական կոմիտեից հավելել են, որ Կարինե Ղուկասյանին ձերբակալելուց հետո ներկայացվել է մեղադրանք ՀՀ քրեական օրենսգրքի 46-204-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով՝ անձնական կամ ընտանեկան կյանքի գաղտնիությունը խախտելը, իսկ ոստիկանության ծառայողին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 204-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով՝ մարդու անձնական կամ ընտանեկան գաղտնիք համարվող տեղեկությունն իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցություն օգտագործելով հավաքագրելը (բազմաթիվ դրվագներով)։ Կարինե Ղուկասյանի ձերբակալումից հետո միջնորդություն է ներկայացվել դատարան վերջինիս նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ, որը 22․06․2023թ․-ին բավարարվել է, և նա կալանավորվել է։
Ոստիկանության ծառայողի նկատմամբ ավելի վաղ ևս որպես խափանման միջոց է ընտրվել կալանքը՝ ՀՀ քրեական օրենսգրքի նույն հոդվածով նախատեսված այլ հանցավոր արարքներ կատարելու համար։