22/06/2023 09:48
«Հրապարակ». Ինչ նվերներ կստանա դատախազությունը
«Հրապարակ» թերթը գրում է. «Վերջին շաբաթը դատախազության համար նվերներով լեցուն էր, նախ փաստաբանները հեռուստացույց նվիրեցին Աննա Վարդապետյանին, որպեսզի նա կարողանա այլ հեռուստաալիքներ էլ դիտել և տեղեկանալ փաստաբաններին ոստիկանության բաժիններում բռնության ենթարկելու դեպքերից։
Բանն այն է, որ Աննա Վարդապետյանն ասել էր, թե տեղյակ չէ փաստաբանին ոստիկանության բաժնում բռնության ենթարկելու դեպքից։ Կառավարության այսօրվա նիստում էլ ներառված է դատախազությանը համակարգիչներ նվիրելու նախագիծը։ Թվով 9 համակարգիչները, թուղթ մանրացնելու սարքը և տարբեր ծրագրերի արտոնագրերը դատախազությանը նվիրում է Իրավունքի զարգացման միջազգային կազմակերպությունը։
Հայաստանին նվիրաբերվող գույքի ընդհանուր արժեքը կազմում է 4 մլն 880 հազար դրամ, այսինքն՝ Աննա Վարդապետյանի 2 ամսվա վարձատրության չափ»։