22/06/2023 09:52
«Հրապարակ». Արցախում ճգնաժամային իրավիճակ է՝ առաջին անհրաժեշտության ապրանքների դեֆիցիտ
«Հրապարակ» թերթը գրում է. «Լաչինով հումանիտար բեռներ անցկացնելու արգելքից հետո Արցախում ճգնաժամային իրավիճակ է՝ առաջին անհրաժեշտության ապրանքների դեֆիցիտ։ Հումանիտար բեռների արգելքի լուրը լսելուց հետո մարդիկ, կարելի է ասել, սրբել են խանութները։
Մեր աղբյուրները վստահեցնում են, որ պահուստային ապրանքները կբավարարեն ամենաշատը երկու ամիս, սակայն եթե պետական ճշգրիտ քաղաքականություն իրականացվի, գուցե կես տարի դեռ խնդիր չառաջանա։ Բանն այն է, որ որոշ գործարարներ, օգտվելով Լաչինի միջանցքը փակ լինելուց և ուղևորափոխադրումների արգելքներից, Արցախ են ներկրել ոչ թե առաջին անհրաժեշտության, այլ բիզնես տեսանկյունից շահավետ ապրանքներ։ Օրինակ՝ կոկա-կոլա, ոգելից խմիչքներ և այլն։ Հատկապես սուր է դիզվառելիքի խնդիրը․ մեզ ասացին, որ այդ խնդրով պայմանավորված՝ արդեն հացը փռերից խանութներ հասցնելը խնդիր է դարձել»։