22/06/2023 11:54
Վերին Լարսում ռեկորդ է արձանագրվել. հայկական կողմը շնորհակալ է ռուսական կողմին՝ մեծ գործ են արել (Տեսանյութ)
Վերին Լարսի անցակետի հետ կապված Հայաստանի ու Ռուսաստանի միջև երկարատև խոսակցությունը բերել է կոնկրետ ադյունքի, կառավարության նիստում այս մասին հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը պարզաբանեց՝ 2022 թվականի ընթացքում ու այսօրվա դրությամբ 11 անցուղիները դարձել են 39, որը շատ մեծ ու կարևոր փոփոխություն է։
«2020-2021 թվականներին օրվա ռեկորդը եղել է 300 բեռնատար, իսկ այսօր 1005 է, երեկ կամ մյուս օրը 1400 մեքենա է անցել երկու ուղղություններով, որը շատ էական է, երեկ էլ 409 մեքենայի համար ազատ անցուղի կար»,- ասաց նա։
Գրիգորյանը նշեց, թե Վերին Լարսի ռուսական հատվածում կա մեկ անցուղի ոչ գաբարիտային բեռների փոխադրման համար, երկու անցուղի էլ կա ավտոբուսների համար։
«Անկախ այն հանգամանքից, որ աշխարհում գլոբալ լոգիստիկ վերադասավորումներ են եղել՝ սա մի լուծում է, որը հայկական բեռների համար որևէ խոչընդոտ չպետք է առաջացնի, ընդ որում՝ դաշտային պոտենցիալ էլ կա, շատ արագ մոդուլային տարբերակով լուծումներ կտրվեն»,- ասաց փոխվարչապետը։
Նա նշեց, որ Վրաստանում էլ մինչև 2024 թվականի ավարտը անցուղիները 9-ից դառնալու են 15։
Մհեր Գրիգորյանի գնահատմամբ՝ ռուսական կողմը շատ մեծ գործ է արել։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ հավելեց, որ այս հարցը մշտապես եղել է ՌԴ նախագահի ու ՌԴ վարչապետի հետ իր քննարկումների օրակարգում։
«Ուզում եմ շնորհակալություն հայտնել և՛ նախագահ Պուտինին, և՛ վարչապետ Միշուստինին՝ այս հարցում հետևողական աշխատանքի համար»,- ասաց նա։
Վարչապետը շնորհակալություն հայտնեց նաև Վրաստանի վարչապետին. այնտեղ էլ շատ մեծ տեմպով աշխատանքներ են գնում։