22/06/2023 15:21
Դատավորները մի օր պետք է ձեռքները խփեն սեղաններին ու ասեն՝ «բոլ եղավ», պետք է ցույց տան, որ իրենք պրոֆեսիոնալներ են, ոչ թե պատերի տակ վնգստացող դատավորներ. Ռուբեն Վարդազարյան
Բարձրագույն դատական խորհրդի նախկին նախագահ Ռուբեն Վարդազարյանի գնահատմամբ՝ այն, ինչ այսօր կատարվում է ԲԴԽ-ում, խայտառակություն է։
«Սա խայտառակություն է, աննախադեպ ճնշումներ են դատավորների նկատմամբ։ Ինձ համար անհասկանալի է՝ ինչ է նշանակում դռնփակ դատական նիստ, երբ քննվում է դատավորի գործ, դատավորի վերաբերյալ կարգապահական վարույթ հանրային խոսքի վերաբերյալ, այս բանաձևը չի տեղավորվում որևէ տրամաբնության, առավել ևս, օրենքի մեջ»,- Aysor.am-ի հետ զրույցում ասաց նա։
ԲԴԽ նախկին նախագահի կարծիքով՝ կառույցը որոշել է իր բանաձևով վեթինգ իրականացնել, իսկ բանաձևը թելադրում է օրվա իշխանությունը։
«ԲԴԽ-ն այսօր ամենաքաղաքականացված մարմիններից է։ Ինչ է նշանակում իր բանաձևով վեթինգ, այսինքն՝ ազատվել դատավորներից, որոնք անկախ են, անկաշառ են, որոնք իրական դատավորներ են, օրինակ՝ Դավիթ Հարությունյանը, Աննա Փիլոսյանը, Զարուհի Նախշքարյանը, Ալեքսեյ Սուքոյանը. այն մարդիկ, որոնք սկզբունքային են, որոնց հնարավոր չէ կոտրել, զանգահարել ու պատվիրովի արդարադատություն ստանալ նրանցից, այսօր ԲԴԽ-ն որոշում է ձերբազատվել նման մարդկանցից։ Դատավորների ցուցակը, որ ես նշեցի, պատահական չէ, համակարգը հասկացող, պատկերացնող ցանկացած մարդ, որը շփվում է դատական իշխանության հետ՝ լինի դատավոր, դատախազ, փաստաբան, գիտի՝ իմ նշած անձինք ամենալավ դատավորներն էին, իսկ այսօրվա իշխանությանը նման դատավորներ պետք չեն, այսօրվա իշխանությանը պետք են Չիչոյանի նման ծախու, դավաճան դատավորներ (նկատի ունի ԲԴԽ նախկին անդամ Սերգեյ Չիչոյանին-հեղ.)»,- ընդգծեց Ռուբեն Վարդազարյանը։
Հարցին՝ չկա՞ արդյոք ԲԴԽ-ում գոնե մեկը, որը կընդվզի այս ամենի դեմ, ինչպես արեց ԲԴԽ նախկին անդամ Գրիգոր Բեքմեզյանը՝ Վարդազարյանն արձագանքեց. «Ամբողջ իմաստն ու տրամաբանությունը՝ ԲԴԽ-ում անել կադրային փոփոխություններ, հենց դրան էր վերաբերում, ինչ վերաբերում է պարոն Բեքմեզյանին՝ ձեր գնահատականի հետ համաձայն չեմ, պարոն Բեքմեզյանն ընդամենն ուզում էր նախագահ դառնալ, չստացվեց, նեղացած աղջկա պես թողեց ու գնաց»։
Տեղեկություն ունի՞ արդյոք, թե ինչու ԲԴԽ-ից հեռացավ նաև Մեսրոպ Մակյանը՝ Վարդազարյանն ասաց. «Փայլուն իրավաբան է, այդ պատճառով»։
ԲԴԽ նախկին նախագահը կարծում է, որ այս ամենի դեմն առնելու համար դատավորները պետք է անեն իրենց քայլը։
«Դատավորները մի օր պետք է ձեռքները խփեն սեղաններին ու ասեն՝ «բավական եղավ, բոլ եղավ» ու ընդվզեն, ցույց տան, որ իրենք իրենց մասնագիտությանը նվիրված պրոֆեսիոնալներ են, այլ ոչ թե պատերի տակ վնգստացող դատավորներ», - հավելեց Ռուբեն Վարդազարյանը։