22/06/2023 11:25
Վիգեն Խաչատրյանը ներդրում ունի Հայաստանի պետականության կայացման գործում. Նիկոլ Փաշինյան
Կառավարության այսօրվա նիստում մեկ րոպե լռությամբ հարգեցին ՔՊ-ական պատգամավոր Վիգեն Խաչատրյանի հիշատակը։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասաց, թե Խաչատրյանը ներդրում ունի Հայաստանի պետականության կայացման գործում. եղել է Գերագույն խորհրդի պատգամավոր, ԱԺ առաջին գումարման պատգամավոր, Լոռու մարզպետ, ԱԺ հանձնաժողովի նախագահ, Երևանի քաղաքապետի տեղակալ, ակտիվ հասարակական-քաղաքական գործունեություն է ծավալել ողջ կյանքի ընթացքում։
«Ես խնդրում եմ մեկ րոպե լռությամբ հարգենք նրա հիշատակը»,- դիմելով գործադիրի անդամներին՝ ասաց վարչապետը։
Հիշեցնենք՝ երեկ 72 տարեկան հասակում սրտամկանի ինֆարկտից մահացել է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վիգեն Խաչատրյանը:
Նա ծանր վիճակում տեղափոխվել էր հիվանդանոց, կյանքը փրկել չի հաջողվել: