22/06/2023 10:12
«Փաստ». Բա որ «քննիչ հանձնաժողով» է, այլ ոչ թե «շոուի հարթակ», ի՞նչ էր անում Նիկոլ Փաշինյանը՝ իր «մեկ դերասանի թատրոն»-ով
«Փաստ» թերթը գրում է. «Մի մարդ պատրաստվում է լիճը սուզվել, մեկ էլ ջրասուզակ է դուրս գալիս լճից ու ջղային ասում. «Էստեղ ձեզ համար ջրասուզվելու տեղ չէ»: Ճիշտ և ճիշտ՝ կարկառուն քպական Անդրանիկ Քոչարյանի նման: Նշված քպականը նաև գլխավոր դերերում է 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող խորհրդարանական քննիչ հանձնաժողովում: Այնտեղ նախօրեին Նիկոլ Փաշինյանն էր եկել ելույթ ունենալու: Նախազդով, գովազդով, ուղիղ եթերով և շոուի մնացյալ տարրերով: Լիարժեք շոու ապահովելու համար պակասում էին ծխարձակող երփներանգ ֆայերները (ծխագլանները): Բայց չշեղվենք Անդրանիկ Քոչարյանի «փայլատակումից»:
Նրան հարց են ուղղում իրենց իշխանության կողմից նշանակված պաշտպանության նախկին նախարար, այժմ կալանավորված Դավիթ Տոնոյանի առաջարկության վերաբերյալ՝ իր, Անդրանիկ Քոչարյանի ու Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ բաց նիստ անցկացնելու մասին, իսկ Անդրանիկ Քոչարյանը պատասխանում է. «Բայց սա քննիչ հանձնաժողով է, շոուի հարթակ չէ»: Լո՞ւրջ: Կամ, ավելի ճիշտ՝ իյա՜, իրո՞ք… Բա որ «քննիչ հանձնաժողով» է, այլ ոչ թե՝ «շոուի հարթակ», այդտեղ նախօրեին ի՞նչ էր անում Նիկոլ Փաշինյանը՝ իր «մեկ դերասանի թատրոն»-ով: Նա ինչո՞ւ էր ուղիղ եթերում, ըստ էության՝ «բանավիճում» իր ընդդիմախոսների, առհասարակ՝ մեղադրողների հետ:
Իսկ առհասարակ, ինչպե՞ս կարող է որևէ հանձնաժողով քննել որևէ մեկի գործողություններն ու որոշումները, եթե այդ հանձնաժողովում այդ «ինչ-որ մեկի» կուսակցական ու քաղաքական ենթականերն են գերազանցապես: Ներողություն, այս դեպքում՝ միայն: Նման պայմաններում այդ հանձնաժողովում ո՛չ ասելիք կա, ո՛չ էլ իրենցից՝ լսելիք: Առհասարակ, հանձնաժողովը շոուի հարթակ չէ, բայց դա հանձնաժողո՞վ է: Ու ո՞վ է շոուի մասին խոսում, էլի, կարկառուն քպակա՞նը, որի կուսակցությունն իր շեֆով միայն շոուով է զբաղված՝ երկիրն ավիրելու, Արցախը հանձնելու արանքներում»։