23/06/2023 12:04
«Քյարամյանը կանգնում էր ոտքերիս, էլեկտրաշոկը միացնում էին մարմնիս». ՔԿ-ն օդից արված հայտարարությունները չի մեկնաբանում
Համացանցում տեսանյութ է տարածվել, որտեղ ՀԱԿ նախկին ակտիվիստ Տիգրան Առաքելյանը պատմում է, թե ինչպես է իրեն Երևանի քննչական վարչությունում ՀՀ ՔԿ նախագահ Արգիշտի Քյարամյանը կտտանքների ենթարկել։
«11 ժամ ինձ պահել են այնտեղ։ Ենթարկվել եմ շանտաժի, ծեծի, սպառնալիքների։ Ասողը եղել է Արգիշտի Քյարամյանը։ Խոշտանգվել եմ էլեկտրաշոկով։ Քյարամյանը կանգնել էր ոտքերիս, Ազատ Գևորգյանը մարմնիս տարբեր հատվածներին ջուր էր լցնում և էլեկտրաշոկը միացնում մարմնիս», - պատմում է Առաքելյանը։
Արձագանքելով տեսանյութին՝ Aysor.am-ի հետ զրույցում ՔԿ մամուլի խոսնակ Գոռ Աբրահամյանն ասաց, թե անհիմն, օդից արված հայտարարությունները չեն մեկնաբանում․ դրա համար կա իրավական ընթացակարգ։
«Անձը, եթե համարում է, որ իր նկատմամբ կատարվել է հանցագործություն, տվյալ դեպքում՝ խոշտանգում, ինչպես պնդում է, կարող է օգտվել այդ ընթացակարգից, քննություն կարվի, կպարզվեն հանգամանքները», - ասաց Գոռ Աբրահամյանը։
Ըստ ՀՀ քննչական կոմիտեի՝ Տիգրան Առաքելյանը ձերբակալվել է դատարան ներկայացվելու նպատակով՝ ՀՀ ՔԿ Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում քննվող քրեական վարույթի շրջանակում։ Նրա նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 2-րդ մասի 8-րդ և 10-րդ կետերով և 46-490-րդ հոդվածի 2-րդ մասով: Միջնորդություն է ներկայացվել դատարան՝ նրա նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ։ Դատարանը այլընտրանքային խափանման միջոց՝ տնային կալանք է կիրառել։