23/06/2023 18:40
Կալանքից օրեր անց Արմեն Աշոտյանին փոխանցել են դատարանի որոշումը․ Պաշտպանը վերաքննիչ բողոք է ներկայացրել
Երեկ երեկոյան «Նուբարաշեն» ՔԿՀ-ում, անձնակազմի միջոցով, Արմեն Աշոտյանին վերջապես հանձնվել է կալանքի մասին դատարանի որոշումը, տեղեկացնում է փաստաբան Տիգրան Աթանեսյանը։
«Որոշումը 48 էջանոց է, որից 44 էջը copy/paste է, հիմնականում քննիչի միջնորդությունից:
Իմ և Արմենի ելույթներից նշված է շատ փոքր մաս, հիմնական փաստարկները անտեսված են:
Մնացած 4 էջից 1-ական էջ որոշման ներածական և եզրափակիչ մասերն են և 2 էջ, վերջապես, դատարանի պատճառաբանությունները:
Դե, իհարկե, դա «պատճառաբանություն» անվանել դժվար է, դատավորը պարզապես իր անվերապահ համաձայնությունն է հայտնում քննիչին:
Այսօր ներկայացրել եմ վերաքննիչ բողոքը, որը քննության կհանձնվի ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի կոռուպցիոն հանցագործություններ քննող դատավորներին:
Այդ դատավորները նիկոլական դատարան/տրոյկաների մի մասն են, շուտով կառանձնանան և կկազմեն ՀՀ վերաքննիչ հակակոռուպցիոն դատարան, ինչով նիկոլական տռոյկաների համակարգի ձևավորումը կավարտվի:
Մեծ հաշվով դրանք դատարաններ չեն, դրանք ժեխին զբաղեցնելու շոու բիզնես հիշեցնող հիմնարկներ են՝ «սրանից էս խլեցինք, նրան էսքան «սրոկ» տվեցինք, դե ժեխ ապրի երջանիկ, քանի նիկոլը ծախում է Հայրենիքը»:
Ես ոչինչ չեմ ակնկալում վերաքննիչ դատարանից այս բողոքի հետ կապված: Եթե հանկարծ Արմենին ազատ արձակեն, դա կնշանակի միայն, որ քաղաքական հետապնդում իրականացնող կապիտուլյանտը որոշել է ազատ արձակել: Ոչ մի պատրանք, որ կիրականացվի արդարադատություն, մենք չունենք:
Միջնորդել եմ, որ բողոքս քննվի բանավոր՝ միշտ մի տեսակ հաճույք եմ ստանում քաղաքական պատվեր կատարող դատավորի հայացքը փախցնելուց, բայց վստահ եմ, որ կլինի գրավոր ընթացակարգ:
Արմեն Աշոտյանի պայքարը քաղաքական է, հիմա այն վարվում է բանտից և ոչ մեկը նիկոլականներից ողորմություն կամ ազատություն չի աղերսելու:
Դավաճանների հետ երկխոսությունը լինում է կարճ և շատ կոնկրետ»,- գրել է Տիգրան Աթանեսյանը: