23/06/2023 12:26
«Pegasus»-ով վարակման նոր ալիք կա. թիրախում դարձյալ պաշտոնյաներն ու լրագրողներն են
Երեկ «Apple»-ի կողմից մի խումբ մարդիկ կրկին ստացել են նամակ այն մասին, որ հանդիսացել են պետական հաքերների հարձակման զոհ, այսինքն՝ տվյալ մարդը կա՛մ «վարակվել է», կա՛մ իրեն փորձել են «վարակել» «Pegasus» լրտեսական ծրագրով։
Մեդիափորձագետ Սամվել Մարտիրոսյանն Aysor.am-ի հետ զրույցում նշեց, որ երբ «Apple»-ը հայտնաբերում է մարդու նկատմամբ ինչ-որ յուրահատուկ հաքերային հարձակում, ապա դրա մասին զգուշացնում է. ««Apple»-ը դա հիմա անում է զանգվածային ու պարբերաբար։ ՀՀ-ում սա արդեն 5-րդ ալիքն է նման նամակների։ Սովորաբար մեր դեպքում դա նշանակում է, որ խոսքը «Pegasus»-ով վարակումների մասին է, բայց իրականում կարող է լինել նաև «Predator»-ի վարակման դեպք։ Սակայն, ՀՀ-ում բոլոր այն դեպքերը, որոնք մենք ուսումնասիրել ենք «Apple»-ի նամակներ ստացողների մոտ, «Predator»-ի դեպքեր չենք գտել, իսկ «Pegasus» մեծամասնության մոտ հայտնաբերվել է»։
Մարտիրոսյանի տեղեկացմամբ՝ խոսքը շատ մեծ քանակի վարակումների մասին է. «Երբ մարդիկ ստանում են այդ նամակը, դա չի նշանակում, որ հենց այդ պահին է վարակումը եղել։ Լինում են դեպքեր, երբ մարդ նոր է ստացել նամակը, բայց իրականում խոսքը 2020 թվականի պատերազմի օրերին վարակման մասին է։ Եղել են դեպքեր, երբ նոր է ստացել նամակը և պարզվել է, որ վարակվել է 1 ամիս առաջ, այսինքն՝ շատ անհատական են դեպքերը։
Մենք Cyberhub.am-ով մասնակցել ենք մի մեծ հետաքննության, որի մեջ եղել են անվտանգությունով զբաղվող շատ մեծ հեղինակությամբ կազմակերպություններ։ Այդ հետաքննության մեջ կան այն մարդկանց անուններ, որոնք համաձայնել են, որպեսզի իրենց անունները գրեն, օրինակ, Աննա Նաղդալյանը, երբ ԱԳՆ խոսնակ էր, 27 անգամ «վարակվել» է՝ հիմնականում պատերազմի ժամանակ։ Փաստացի սա կիբեռզենքի կիրառում է պատերազմի ժամանակ։ Միջազգային մասնագետները գալիս են այն եզրակացության, որ պատվիրատուն Ադրբեջանն է։ Սակայն, նշեմ, որ 100 տոկոսանոց ապացույց հնարավոր չէ ունենալ, քանի որ վարակումն այնպես է արվում, որ իրական պատվիրատուն չի երևում։
Սակայն, համադրելով փաստերը, եկել ենք այն եզրակացության, որ «Pegasus»-ի վարակումները, ամենայն հավանականությամբ, արվում են Ադրբեջանի կողմից։ Հայաստանն էլ է անում նման վարակումներ, սակայն կիրառվում է այլ վիրուս՝ «Predator»-ը։ Եթե վարակում լինում է, ապա հեռախոսն ամբողջությամբ անցնում է նրանց վերահսկողության տակ, այսինքն՝ կարող են լսել, կարդալ, ֆայլերը տանել և այլն»։
Նա ավելացրեց, որ «Pegasus»-ն իսրայելական է, իսկ «Predator»-ը մակեդոնական է, սակայն իսրայելական կապեր ևս ունի.«Ֆունկցիոնալ առումով «Predator»-ն այնքանով է լավ, որ այն ոչ միայն հեռախոսներն է թույլ տալիս «վարակել», այլև համակարգիչները։ Մոտավորապես նույն բանն են կարողանում անել։ «Predator»-ն ավելի էժան է։ «Pegasus»-ը վարակման տեսանկյունից է ավելի լավ։ Տեսեք, եթե ձեզ ցանկանում են «վարակել», պետք է ձեզ համոզեն ինչ-որ մի բան քլիք անել, իսկ «Pegasus»-ի դեպքում զրոյական քլիքի վարակում է գնում, այսինքն՝ կարող եք առանց քլիք անելու էլ «վարակվել», ձեզ համար նստած տեղը կարող եք վարակվել։ Այսօրվա տվյալներով, գրեթե անխուսափելի է «Pegasus»-ով վարակումը։ Կապ չունի, թե դու ով ես, որքանով ես կարողանում քո անվտանգությանը հետևել»։
Մեդիափորձագետը նաև հավելեց, որ երեկվա դրությամբ, մոտ 15 վարակման նոր նամակ ստացողների մասին տեղեկություն ունեն.«Այդ մարդկանց մեջ նախկին պաշտոնյաներ կան, լրագրող։ Եղել է ալիք, որ շատ ընդդիմադիրներ են եղել։ Անունները մենք չենք կարող հայտնել, դա, եթե ցանկանում են, տվյալ մարդիկ են հանրայնացնում»։
Հիշեցնենք՝ այս տարվա մայիսին հայտարարվեց, որ Հայաստանից առնվազն 12 լրագրողի և իրավապաշտպանի «Apple» բջջային սարքերը «կոտրվել» են «Pegasus» լրտեսող ծրագրերի միջոցով։